Ազատազրկված գնդապետը դիմել է Կարեն Կարապետյանին
«Վարդաշեն» ՔԿՀ-ում 6,5 տարվա ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը բաց նամակ է ուղարկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին.
«Մեծարգո պարոն Կ. Կարապետյան, նախեւառաջ, շնորհավորում ենք Ձեզ ՀՀ վարչապետի բարձր եւ պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ եւ մաղթում հաջողություններ Ձեր սկսած ազգանվեր գործունեության մեջ: Հարգելի պարոն վարչապետ, մենք՝ դատապարտյալներս, քաջ գիտակցում ենք, որ մեր երկրի առջեւ ծառացած բազմաթիվ ծանր մարտահրավերներին դիմակայելը եւ դրանք ի շահ ազգի օգտագործելու գործընթացը շատ դժվար է լինելու եւ մեծ ջանքեր ու ժամանակ է պահանջելու: Սակայն խնդրում ենք մի պահ ժամանակ գտնել եւ անդրադառնալ Հայաստանի դատաիրավական համակարգում տեղ գտած մի արատավոր երեւույթի: ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածը անտեսվում է այն կիրառողների կողմից: Կարծես թե այդ հոդվածը ընդհանրապես գոյություն չունի: Հարցը տարիներ շարունակ բարձրացվել է թե հանրության, թե հազարավոր դատապարտյալների կողմից: Սակայն պատասխանը այդպես էլ չի տրվում: Տարիներ շարունակ արդարադատության ամեն մի նախարար խոստանում է այդ հարցին շուտափույթ լուծում տալ: Սակայն ինչ-որ բան խանգարում է (ինչպես կոռուպցիան): Հարգելի պարոն վարչապետ, մեկ անգամ եւս խնդրում ենք Ձեր անձնական վերահսկողությամբ հանձնարարել պետական մարմիններին հնարավորինս հարգել եւ կատարել գործող օրենքը, որը, մեր խորին համոզմամբ, բոլորի նկատմամբ պետք է լինի հավասար: Այսօրվա իշխանությունները մեր ժողովրդի եւ պետության թշնամիներն են»,-գրել է Վոլոդյա Ավետիսյանը: