Ինչպես են պայթեցրել «Վանաձոր» ՔԿՀ-ի պետի մեքենան
Վանաձորի քրեակատարողական հիմնարկի պետ Գեւորգ Մկրտչյանի մեքենան նախնական տվյալներով պայթեցվել է նռնակով:
Նախնական տվյալներով հանցագործություն կատարած անձը նռնակի պայթուցիչի օղը քաշել եւ այն նետել է Գեւորգ Մկրտչյանի` Վանաձոր քաղաքում գտնվող առանձնատան առաջին հարկում կայանված ծառայողական մեքենան: Պայթյունից վնասվել է տան առաջին հարկի բետոնե հատակի անկյունային հատվածը, ինչպես նաեւ նշված ավտոմեքենան:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են նռնակի պայթուցիչի բեկորներ, զսպանակ, գործարկիչի մետաղյա դետալ եւ օղ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` պայթյունի եղանակով «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ Գեւորգ Մկրտչյանի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու դեպքի առթիվ:
2016 թվականի հոկտեմբերի 09-ին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ Գեւորգ Մկրտչյանից ահազանգ է ստացվել, որ իր առանձնատան առաջին հարկում պայթյունի ձայն է լսել:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Գեւորգ Մկրտչյանը ճանաչվել է տուժող եւ հարցաքննվել: Նշանակվել է դատապայթունատեխնիկական, հետքաբանական, շինարարական եւ ապրանքագիտական համալիր փորձաքննություններ, մշակվել է քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում է քննություն: