“Տուրբոն” պետք է պատժվի.լրագրողը միջնորդություն է ներկայացնելու
“ Ես անձնապես որևէ քեն կամ հիշաչարություն չունեմ ինձ վրա հարձակվողի, մասնավորապես Աշոտ Պապայանի հանդեպ: Ես նրան ներում եմ անձամբ, քանի որ նրանք ինձ չեն ճանաչել: Հարձակվել են ոչ թե Հակոբ Կարապետյանի, այլ լրագրողի վրա , այս դեպքում դա կանեին ինչ անուն ազգանունով էլ լրագրողը ներկայանար:
Այստեղ զուտ մասնագիտական խոցելիության խնդիր ա, սա պետք ա արվի, որ մարդիկ հասկանան, որ լրագրողների հետ նման կերպ չի կարելի վարվել”,- Henaran.am-ին տեղեկացրեց “Ի լուր” լրատվական կայքի լրագրող Հակոբ Կարապետյանը : Աշոտ Պապայանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը ընթանում է ոստիկանության Նոր նորքի բաժանմունքում:
Այսօր, Հակոբ Կարապետյանը ստացել է դատաբժշկական փորձաքննության վերջնական արդյունքները, որտեղ հաստատվել է ֆիզիկական ուժի կիրառմամբ մարմնական վնասվածք ստանալու փաստը:
”Ես շարունակելու եմ պայքարել, որ Աշոտ Պապայանը հայտնվի այնտեղ որտեղ իր տեղն է , այսինքն՝ մեղադրյալի աթոռին”,-հայտնեց լրագրողը:
Ելնելով նախաքննության գաղտնիության սկզբունքից՝ լրագրողը չի պատրաստվում գործի ընթացքին խոչընդոտող հայտարարություններ անել պատրաստվում է ներկայացնել միջնորդություն՝ պահանջելու է գործի քննությունը տեղափոխել հատուկ քննչական ծառայության վարույթ:
Հակոբ Կարապետյանը կարծում է,որ պետք է մեղադրանք առաջադրել իր խոսքով՝ հանցագործության վայրում իրենց ծառայությունն իրականացնող ոստիկանների դեմ` մեղադրելով նրանց հանցավոր անգործության մեջ.
”Ոստիկանները ճանաչելով Աշոտ Պապայանին՝ անտարբերություն են դրսևորել, որովհետև իմ խորին համոզմամբ, եթե լիներ մեկ այլ քաղաքացի, կկանխվեր այս դեպքը: Ամեն դեպքում իմ տեսախցիկը չէին խլի:
Ես հիմքեր ունեմ պնդելու, որ եթե դա չլիներ Երևանի ավագանու անդամ Նոր Նորքում որոշ շրջանակներում հայտնի Աշոտ Պապայանը, ոստիկանությունը միջամտություն կցուցաբերեր, այսինքն՝ այստեղ առկա է քրեական օրենսգրքի 308 հոդվածի հատկանիշները, որ ոստիկանը հանցավոր անգործություն է ցուցաբերել որոշակի անձի կամ խմբի շահերից ելնելով”: