Դեռ կասվի
«Համախմբում» կուսակցության նախագահ, պատգամավոր Վարդան Օսկանյանին երեկ նկատեցինք ՀՀԿ գրասենյակի շենքի մոտ քայլելիս: Մեր թղթակիցը փորձեց Օսկանյանից հետաքրքվել, թե արդյոք գոհ է ՏԻՄ ընտրություններում իր կուսակցության արձանագրած արդյունքներից, մասնավորապես Գյումրիում ու Վանաձորում:
Սակայն Վ. Օսկանյանը նշեց, որ կուսակցությունը դեռևս հայտարարություն կանի.
«Կասվի էլի, կասվի»: Դիտարկմանը, թե կուսակցության անդամ Ստեփան Մարգարյանը գոհ է արձանագրված արդյունքներից, ինքն է՞լ է կիսում այս տեսակետը, նա ասաց. «Կուսակցությունը կանի հայտարարություն»:
Նշենք, որ Գյումրիում հոկտեմբերի 2-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքով «Բալասանյան դաշինքը» հավաքել է 34.64 տոկոս (14 987 ձայն), ԲՀԿ- ն՝ 21.70 տոկոս (9 344 ձայն), «Հայկական վերածնունդը»՝ 14.15 տոկոս ( 4 578 ձայն), ԳԱԼԱ-ն՝ 10.49 (4 517 ձայն), «Գյումրեցու ոգին»՝ 5.74 (2 475 ձայն), «Համախմբում» կուսակցությունը` 5.77 (2 469 ձայն), «Գործարար» կուսակցությունը՝ 1.32 ( 556 ձայն), «Հայ ազգային կոնգրեսը»՝ 1.09 (471 ձայն), ՀՅԴ-ն՝ 5.36 (2 313 ձայն), «Ալյանսը»՝ 1.78 տոկոս (774 ձայն), «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 1.49 տոկոս ձայն (638 ձայն):
Հիշեցնենք, որ ավագանու ընտրությունների համար անցողիկ շեմը 6 տոկոս է և, հետևաբար, այս պահի դրությամբ հայտնի է, որ Գյումրու քաղաքապետարան կանցնեն «Բալասանյան դաշինք», ԲՀԿ, «Հայկական վերածնունդ» և «Գալա» կուսակցությունները։
Հոկտեմբերի 2-ին Վանաձորում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքներով պատկերը հետևյալն է՝
Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 14899 քվե,
«Լուսավոր Հայաստանը»՝ 10899
«Հայկական վերածնունդ» («Օրինաց երկիր») կուսակցություն՝ 5286 քվե,
«Բարգավաճ Հայաստան»՝ 2872 ձայն,
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն»՝ 2522,
«Քաղաքացիական պայմանագիր» ՝ 1617,
«Համախմբում»՝ 984,
«Հայ ազգային կոնգրես»՝ 551։