Երբ Փոքր Մհերը ժայռից դուրս գա…

՛՛Իշխանություններից կարող են դժգոհել, մենք ամենալավը չենք, բայց մեզանից լավն էլ չկա, որպեսզի կարողանան ընտրություն կատարել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է հասարակությունը, որ մշտապես դժգոհում է իշխանություններից, ՀՀԿ-ին տալիս իր ձայների մեծամասնությունը և արտագաղթում:
՛՛Արտագաղթը կարելի է դիտարկել, որ նոր սերունդ է աճում, օտար լեզուներին տիրապետող, կայքեր կան, մարդիկ որոնումների մեջ են: Մյուս կողմից մարդիկ ուզում են ավելի լավ ապրել ու օգտվում են համայն աշխարհից:
Սա ցավ է, բայց անընդհատ ասել, որ երկրի վերջը եկել է, վանկարկել-վանկարկել, մարդկանց մոտ մոտեցումներ են ձևավորվում և գնում են օտար ափերում ապրում՛՛,-Սահակյանը հավելեց, որ արտագաղթին զուգահեռ ներգաղթ էլ կա:
՛՛Եթե ներգաղթ չունենայինք, Րաֆֆին ու Վարդանը ո՞նց պիտի Հայաստանում լինեին՛՛,-ժպտալով ասաց Գալուստ Սահակյանը /նկատի ունի Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Վարդան Օսկանյանին-խմբ./: ՛՛Մենք էլ թերություններ ունենք, ինչի պիտի գաղտնի պահենք: Մենք էլ ենք աշխատում, մենք էլ թերություններ ունենք՛՛,-նշեց Սահակյանը:
Հարցին, թե երբ ՀՀԿ-ին կկարողանան իշխանությունից հեռացնել, ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց, որ նման քաղաքական ուժ չկա, որ կարողանա ՀՀԿ-ին հեռացնել: Ներկա քաղաքական ուժերից որևէ մեկն էլ եթե դառնա իշխանություն, ըստ Գալուստ Սահակյանի՝ Ղարաբաղը կհանձնի: Դա, ըստ Սահակյանի, միայն ՀՅԴ-ն չի անի, սակայն վերջինս էլ ղեկավարելու քաղաքական ռեզերվներ չունի:
՛՛Քանի որ մեր երկիրը վտանգված է, ունենք ազգային խնդիրներ, բնական է, ՛՛Հանրապետականը՛՛ պիտի լինի՛՛,-շեշտեց նա՝ հավելելով, որ միայն հասարակությունը կարող է իշխանափոխություն անել: Հարցին, թե երբ հասարակության մեջ այդ գաղափարախոսությունը կլինի, արձագանքեց.՛՛Երբ Փոքր Մհերը ժայռից դուրս գա՛՛: Գալուստ Սահակյանը բացատրեց, որ Փոքր Մհերը հենց հասարակությունն է: ՛՛Նա մեզ մոտ է, բայց դուք չեք տեսնում՛՛: