Բնակարանը մեկ ամսական Անահիտի նվերը եղավ.Գուսան Հայկազունը կատակում է
Երևանի ավագանու որոշմամբ՝ օրերս Շինարարների փողոցի հ.15 շենքի հ.3՝ 69.55 քմ մակերեսով բնակարանը սեփականության իրավունքով անհատույց տրվեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Հայկազունին (Գուսան Հայկազուն)։
Գուսանը 5 երեխաների հայր է: Մինչ այժմ ապրում էր Նոր Խարբերդի 26-րդ փողոցի հ.69/23 այգեգործական հողամասում, բնակության համար ոչ պիտանի պայմաններում :
Ուրախ առիթի կապակցությամբ Henaran.am-ի թղթակիցը զրուցեց Գուսան Հայկազունի հետ:Իրադարձությունը Գուսան Հայկազունի համար առանձնակի խորհուրդ ունի: Առաջինը, որ այն կապվում է Երևանի տոնին և ամենակարևորը, այն ստացան դստեր՝ Անահիտի ծնունդից մեկ ամիս անց:
«Երևանը ոչ միայն իմ, այլ ամբողջ հայության համար հրաշք է: Ես սիրում եմ Երևանի ամեն մի քարը և միշտ ասել եմ, որ երբ քայլում եմ հրապարակում ինձ թվում է բոլոր շենքերն ու տները իմն են, պարզապես իմ անունով գրանցված չեն: Ես իմն եմ համարում Երևանը, ինչպես բոլոր հայերը: Մենք պետք է դողանք Երևանի վրա և մեր Երևանը պետք է դառնա հավերժական քաղքաք ողջ հայությանը համար: Երևանը պետք է դառնա կապող օղակը Սասունի, Էրզրումի ու մյուս քաղաքների համար»,-ասաց գուսան Հայկազունը:
Մեր ճշտող հարցին, թե բնակարանը բավարարում է նրա ընտանիքի պահանջներին Գուսան Հայկազունը արձագանքեց.« Բնակարանը ստանալու առիթով հանդիպել էի Երևանի քաղաքապետին: Տարոն Մարգարյանին մի քիչ հումորով ասացի, որ ես աճող ընտանիք եմ , առայժմ հինգ երեխա ունեմ, հետո կհասցնեմ 7-ի. երեք սենյակ տվեք, ասաց երբ հասցնես 7-ի, բարելավում կստանաս»,-ժպիտով ասաց սիրված գուսանը:
Henaran.am-ի խմբագրակազմը շնորհավորում է Գուսան Հայկազունին և մաղթում ամուր առողջություն և նորանոր երգերի ծնունդ նոր բնակարանում: