Անփոխարինելի մարդ չկա. ՀՀԿ
«Նախորդ Կառավարությունները բավական առողջ ծրագրեր ունենին, բայց եղան տեմպերի դանդաղումներ»,- ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչով է տարբերվում այս կառավարությունը նախորդ երկուսից, որ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե այս Կառավարությանը հաջողվելու է այն, ինչ չհաջողվեց նախորդներին: Նրա խոսքով՝ այն ծրագրերը, որոնք նախորդների ժամանակ մնացին կես ճանապարհին, ոչ թե պետք է մի կողմ դրվեն, այլ շարունակվեն նոր տեմպերով:
Հարցին, այսինքն՝ Հովիկ Աբրահամյանի տեմպը լավը չէ՞ր, ՀՀԿ պատգամավորը պատասխանեց, թե հենց նախկին վարչապետն էր հայտարարել, որ գոհ չէ իր տեմպերից և կարծում է, որ երկու փուլային տարբերակը շատ ավելի լավ է՝ նախ հիմքեր ստեղծել, հետո անցնել փոփոխությունների:
Ինչ վերաբերում է Սյունիքում Սուրիկ Խաչատրյանի պաշտոնազրկմամբ ու մարզպետին անփորձով փոխարինելուն, ապա Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց. «Հետաքրքիր է, այդ որ մամուլում է գրվել, որ ասել ենք Սուրիկ Խաչատրյանն աննման է, որ նրա նմանը չկա… Սուրիկ Խաչատրյանը հաջողված մարզպետ էր, հաջող էր կատարում իր գործը:
Ինչո՞ւ փոփոխություններ կատարվեցին, որովհետև կառավարության նոր մոտեցումների պարագայում նոր վարչապետը նպատակահարմար էր գտել՝ համաձայնեցնելով նախագահի հետ: Նույն հարցը կարող եք տալ մյուս փոխվածներին, հետո մենք չենք ասել՝ անփոխարինելի մարդ չկա»: