“Բարև Երևանը” ընտրությունների արդյունքը կվիճարկի վարչական դատարանում

“Բարև Երևան” դաշինքի համամասնական ցուցակի ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց մայիսի 5-ին Երևանի ավագանու ընտրություններին բացահայտ խախտումների և ԿԸՀ-ի կողմից բազմաթիվ անճշտություններով կայացրած վերջնական որոշման մասին:
“Բարև Երևանի” ներկայացուցիչը ասաց, որ նախ իրենք վերահաշվարկի դիմում չեն ներկայացրել, որ ինչ որ մարդկանց ձայներ ավելանան կամ պակասեն.”Մեծ հաշվով մենք գիտեինք, որ որևիցէ բան չի փոխվելու: իսկ ինչ վերաբերվում է ավելանալուն. դա կարելի է դիտարկել որպես կամայականություն”:
Դավիթ Սանասարյանը տեղեկացրեց, որ գրեթե բոլոր տեղամասերում ընտրություններն անցել են խախտումներով. “ԿԸՀ-ն իրեն անգործության է մատնել և խախտումներով որոշում է կայացրել: Մենք պատրաստվում ենք դիմել վարչական դատարան: Մենք այսօր վիճարկելու ենք այդ որոշումը: Ես չեմ շտապի գնահատական տալ, որովհետև եթե քաղաքական ուժը ներկայացնում է, որ պետք է անվավեր ճանաչվեն ընտրությունները ուրեմն դա իր մեջ արդեն գնահատական է պարունակում”:
Դավիթ Սանասարյանի դիտարկմամբ` “Ընտրությունները շատ գաղջ մթնոլորտում են անցել և այդ մթնոլորտը ստեղծել է իշխանությունը”:
“Բարև Երևանի” ներկայացուցիչը դիտարկեց .”Մենք ընդհանուր առմամբ գրանցել ենք 1500 խախտումներ, որոնք կամաց –կամաց կներկայացնենք, որ ժողովուրդը իմանա, թե ինչ բնույթի խախտումներ են իրականացվել”:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանի հայտարարությանն արձագանքելով, թե “Ժառանգությունն” իր փոքր քվեն ստացել է “Հանրապետականի” հետ համագործակցության արդյունքում, ասաց.
”Լևոն Զուրաբյանը եթե մեղադրանք է ներկայացնում, պետք է հիմնավորի: Եկեք շատ չմանրանանք,բայց ասել, որ համագործակցության արդյունքում ենք հավաքել 8 կամ ավելի տոկոսը, լուրջ չէ”:
Դավիթ Սանասարյանի դիտարկմամբ` այս ընտրություններում անցած միակ ընդդիմադիր քաղաքական ուժը “Բարև Երևան’ դաշինքն է, իսկ ԲՀԿ-ին իրենք ընդիմադիր չեն համարում, քանի որ ”Լևոն Տեր Պետրոսյանն է իր վրա վերցրել նրանց ընդդիմադիր հռչակելը”:
Ամեն դեպքում Դավիթ Սանասարյանը համոզված է. ”Չնայած ավագանին չի վարձատրվում, բայց պետք է գնալ վերցնել մանդատները և օր ու գիշեր աշխատել: Քաղաքը փոփոխությունների կարիք ունի”: