Ազատամարտիկները շարժվում են կառավարություն /վիդեո/
Քիչ առաջ Ազատության հրապարակից մեկնարկեց նստացույց անող ազատամարտիկների երթը դեպի կառավարություն: Ինչպես տեղեկացնում է “Henaran.am“-ի թղթակիցը, շաբաթ օրվանից նստացույց անող ազատամարտիկներն այս պահին “Հյուսիսային պողոտայով” քայլում են դեպի կառավարություն:
Ազատամարտիկների երթը գլխավորում է արցախյան հերոսամարտի մասնակից Վոլոդյա Ավետիսյանը: “Henaran.am“-ի հետ զրույցում ազատամարտիկներն ասել են, որ իրենք արցախյան պատերազմում միշտ էլ առաջին գծում են եղել, մեծ դեր են ունեցել ազատագրման գործընթացում, սակայն այսօր անտեսված են:
“Սոցիալական պայմանների համար ենք դիմում”,-ասել են ազատամարտիկները: Երթին միացել է ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ ինքը տոնական օրերին զբաղված է եղել, տեղյակ չի եղել ազատամարտիկների բողոքի ակցիայից:
Եսայանը զրուցել է երթի մի քանի մասնակիցների հետ: Ըստ պատգամավորի` խնդիրն այն է, որ “այս մարդիկ մասնակցել են պատերազմին, սակայն ազատամարտիկի կարգավիճակ չունեն”: Պատգամավորի խոսքով`հնարավոր է` նրանց մեջ լինեն այնպիսինները, ովքեր չեն մասնակցել եւ հենց այդ պատճառով էլ կարգավիճակ չունեն, պարզապես միացել են նրանց: Մարգարիտ Եսայանը խոստացել է խնդիրը բարձրացնել ԱԺ-ում:
Կառավարության մոտ նրանց դիմավորեց գործադիրի աշխատակազմի ներկայացուցիչը` Ալեքսանդր Ղազարյանը: Նա 3 ազատամարտիկի ուղեկցեց ներս, խոստացավ ուսումնասիրել նրանց նամակը: Ազատարամտիկներն այս պահին սպասում են իրենց ընկերներին, որոնք կառավարության ներսում են:
15:00
Ազատամարտիկները նամակը հանձնեցին Ալեքսանդր Ղազարյանին և այն հասցեագրվեց վարչապետ Տիգրան Սարգսյանին, ինչից հետո նրանք կրկին շարժվեցին Ազատության հրապարակ, որտեղ կշարունակեն նստացույցը մինչև վաղը, և այս ընթացքում կսպասեն կառավարության պատասխանին: