Լավ կլինի, որ Վանաձորում ՀՀԿ-ին ընդդիմություն դարձնելը ինտրիգներով չձախողվի
«Ինչպես ասում են՝ բոլոր խաղաքարտերն ընդդիմադիր դաշտի ձեռքում են հիմա»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչպես է վերաբերում նրան, որ ՀՀԿ-ը, հնարավոր է, Վանաձորում դառնա ընդդիմություն: Նկատենք, որ ՀՎԿ-ն ու ԲՀԿ-ն որոշել են քաղաքապետի պաշտոնում աջակցել «Լուսավոր Հայաստանի» առաջին համար Քրիստ Մարուքյանի թեկնածությունը:
«Դրական եմ համարում, որ առաջին անգամ իշխանափոխություն է կատարվում, թեկուզ հանրապետության երրորդ քաղաքում:
Ուրախ եմ, որ համաձայնության մասին է խոսվում,բայց ես դառը փորձ ունենալով չէի շտապի»,-հավելեց Ռուստամյանը: Նա հորդորեց սպասել մինչև ավագանու նիստի ավարտը, որտեղ քվեարկությունը լինելու է գաղտնի և քաղաքապետը պիտի հավաքի առնվազն 17 ձայն: Պատգամավորը շեշտեց՝ իրենք միշտ էլ խոսել են այն մասին, որ ընդդիմությունն էլ պիտի լծակներ ունենա, ու եթե Վանաձորում ընդդիմությունն ունենա քաղաքապետ, սա արդեն առաջընթաց կլինի: «Մենք այդ էինք ուզում, ես սա համարում եմ լավ նախադեպ, բայց նաև լավ կլինի, որ այդ լավ նախադեպը ինտրիգներով, ներքին խնդիրներով չձախողվի»,-եզրափակեց նա: