ՀՀԿ-ն` 42, ԲՀԿ-ն` 17, “Բարեւ դաշինք”-ը` 6. Երեւանի ավագանու կազմը

Մայիսի 12-ին, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է արձանագրություն` 2013թ. մայիսի 5-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքների վերաբերյալ` հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները:
Հաշվի առնելով վերոհիշյալ արձանագրությունը, ՀՀ վարչական դատարանի որոշումները, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները` ԿԸՀ-ն ամփոփել է ընտրության արդյունքները եւ ընդունել որոշում` Երեւանի ավագանու անդամներ ընտրվելու մասին:
Համաձայն ԿԸՀ որոշման` Երեւանի ավագանու անդամներ են ընտրվել.
“Բարգավաճ Հայաստան” կուսակցության ընտրական ցուցակից` Երեւանի ավագանու 17 անդամ,
“Բարեւ Երեւան” կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից` Երեւանի ավագանու 6 անդամ,
Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից` Երեւանի ավագանու 42 անդամ:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի` Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշման մեջ նշվում է, որ Երեւանի ավագանու ընտրությունների նախապատրաստման եւ քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա: