Արժանին են մատուցել
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության միջոցառումների շրջանակում հյուրընկալել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության, «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի մի շարք աշխատակիցների ու Երկրապահ կամավորական միության անդամների:
Ողջունելով ներկաներին՝ Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նրանց նվիրված աշխատանքի համար:
«Արդեն հաճելի ավանդույթ է դարձել Էրեբունի-Երևան տոնակատարության շրջանակում արժանին մատուցելու բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով տարբեր ոլորտներում կարևոր առաքելություն են իրականացնում: Մենք շնորհակալ ենք ձեր ակտիվ գործունեության ու սրտացավ աշխատանքի համար, որ ծավալում եք մեր բնակիչների անվտանգությունն արտակարգ իրավիճակներում ապահովելու, կանչերին արագ արձագանքելու, մեր երկրի սահմաններն անառիկ պահելու ուղությամբ: Համոզված եղեք, որ մասնագիտական ձեր գործունեությունը գնահատվում է մեր համաքաղաքացիների, նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից», – նշել է քաղաքապետը:
Երևան քաղաքի 2798-րդ տարեդարձի առթիվ, բնակչության բուժօգնության և բուժսպասարկման բնագավառում բարեխիղճ աշխատանքի համար «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի կենտրոն ենթակայանի գծային բրիգադայի բժիշկ Մալինա Մարգարյանը, թիվ 1 ենթակայանի բժիշկ-ռեանիմատոլոգ Հովիկ Հովհաննիսյանը, կենտրոն ենթակայանի գծային բրիգադայի բժիշկ Սալվադոր Խեչոյանը և թիվ 4 ենթակայանի բժիշկ Նորայր Թևանյանը պարգևատրվել են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
Հայրենիքի սահմանները պաշտպանելու գործում մատուցած ծառայությունների համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել նաև ԵԿՄ Դավթաշենի տարածքային բաժանմունքի նախագահ, ԵԿՄ Երևանի քաղաքային խորհրդի փոխնախագահ Սարգիս Գրիգորյանը, ԵԿՄ Մալաթիա-Սեբաստիայի տարածքային բաժանմունքի նախագահ Վարազդատ Զատիկյանը, ԵԿՄ Էրեբունու տարածքային բաժանմունքի փոխնախագահ Հովհաննես Մարտիրոսյանը և ԵԿՄ Ջրվեժի տարածքային բաժանմունքի նախագահ Հրաչյա Միհրանյանը:
Երևան քաղաքի բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված գործունեության և քաղաքացիական պաշտպանության միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրվել նաև ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալ, ՓԾ գնդապետ Արմեն Բադալյանը: