Նեղանալ և նեղսրտել չկա
Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 6-ին այցելել է Կառավարություն:
Նիստի մեկնարկից առաջ ՀՀ նախագահը Կառավարության ձևավորման կապակցությամբ շնորհավորեց նախարարներին և հաջողություն մաղթեց պետական բարձր պաշտոններում ծառայության անցնելու կապակցությամբ:
Նախագահն ընդգծեց, որ ավելորդ է համարում հիշեցնել այն պատասխանատվության մասին, որ ստանձնել են նախարարները. «Ակնհայտ է, որ կառավարման թիվ մեկ խնդիրը կառավարման արդյունավետության բարձրացումն է: Ե՛վ աշխարհում, և՛ տարածաշրջանում, և՛ Հայաստանում մարտահրավերների պակաս չկա: Ակնհայտ է, որ ավելի հեշտ է զարգանալ, հասնել բարձր տնտեսական արդյունքների, երբ շուրջդ խաղաղ է և գործընկերներդ ունենում են տնտեսական աճ, շատ ավելի բարդ է, երբ կան արտաքին քաղաքական ազդակներ, և դու պարտավոր ես անել առավելագույնը զարգացում ունենալու համար: Մեզ անհրաժեշտ է շարունակել լինել մրցունակ և հետևողականորեն բարձրացնել տնտեսական արդյունավետությունը: Իմ համոզումն ու աշխարհի փորձն է ասում, որ հնարավոր է և պետք է ավելի լավ ու ռացիոնալ կառավարել համեստ միջոցները և հասնել անհամեմատ ավելի լավ արդյունքների»:
Սերժ Սարգսյանը նկատեց, որ , որ սահմանադրական բարեփոխումներով երկրում սկսվել են դե ֆակտո փոփոխություններ, իսկ այդ պարագայում Կառավարությունը ստանձնում է լրջագույն փոփոխությունների շարժիչ ուժի դերը:
«Ձեզ վիճարկված է դառնալ այս անցումային ժամանակաշրջանի առաջնորդը: Ես հավատում եմ ձեր ուժերին, հավատում եմ, որ Հայաստանի Հանրապետության այս Կառավարությունը կարող է անել այն, ինչ չի հաջողվել նախկին բոլոր կառավարություններին: Իհարկե, այս աշխատանքում դուք մենակ չեք լինելու, ներդաշնակորեն գործելու են մեր երկրի բոլոր օղակները, ես դա խոստանում եմ: Ձեզ ոգևորելու են, աջակցելու են, քայլելու են նույն ոգևորությամբ, բայց շարժիչ ուժը պետք է լինի Կառավարությունը, շինարարը պետք է լինի Կառավարությունը: Կրկին շնորհավորում եմ: Իմ հորդորն է նվիրվել անմնացորդ»,-ասաց Սերժ Սարգսյանը:
«Մենք պետք է միայն առաջ գնանք, պրոբլեմների ժամանակ մի փորձեք նրանց արմատները տեսնել նախկինում: Ինչպես և պայմանավորվել ենք նեղանալ և նեղսրտել չկա»,-շեշտեց ՀՀ նախագահը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Կառավարության անունից շնորհակալություն հայտնեց վստահության համար և ասաց, որ իրենց ամենօրյա աշխատանքով ազդակ են տալու ՀՀ քաղաքացուն, որ անում են այն քայլերը, որն ակնկալում է քաղաքացին: