23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հայաստանում մեծ է թերսնվողների թիվը. Ազգ

 Հաց, կարտոֆիլ, մսամթերք, կարագ եւ սուրճ: Սրանք մթերքների այն հնգյակն են, որ ոչ միայն ամենից շատն են սպառվում Հայաստանում, այլեւ ամենից հաճախ թանկանում:

“Օքսֆամ” կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը ուսումնասիրել է վերջին 7 տարվա ընթացքում Հայաստանում պարենային մթերքների գներն ու “Գները եւ խոցելիությունը Հայաստանում» զեկույցում հրապարակել դրանք: Պարզվել է, որ այս տարվա հունիսին 2005-ի հունիսի համեմատությամբ հացն ու հացամթերքը թանկացել են 44 տոկոսով: Երկու տարի առաջ հացամթերքի գինը միջինը բարձրացել էր 4.7 տոկոսով, իսկ նախորդ տարիՙ 11 տոկոսով: “Օքսֆամ”-ում համեմատել են բնակչության բարեկեցության 10 տարբեր մակարդակները բնութագրող դեցիլային խմբերում սպառման տվյալներն ու եզրակացրել, որ գների բարձրացումը հանգեցրել է հացի սպառման կրճատման բոլոր խմբերում:

Հայտնի է, որ հացամթերքից առավելապես օգտվում են աղքատ զանգվածները, ուստի դրա սպառման կրճատումը, որը չի լրացվում այլ ապրանքատեսակներով, հանգեցնում է աղքատ բնակչության թերասնման:

Այսօր արդեն պաշտոնական տվյալներով Հայաստանում աղքատ է մեկ միլիոն մարդ. նրանց հիմնական զանգվածը թերասնվում է: Թերասնվողների խումբը հիմնականում օգտագործում է հացը որպես ամենասննդարար եւ ամենամատչելի սննդամթերք:

Սակայն հաշվի առնելով զարգացումներն ու անընդհատ արձանագրվող գնաճը, կարելի է եզրակացնել, որ տարիներ անց հացն այլեւս չի համարվի ամենամատչելի սննդամթերքներից մեկը:

Կարտոֆիլի գնաճը բացասական է անդրադարձել ամենաաղքատ խավի 10 տոկոսի վրա: Շուկայում կարտոֆիլի գների աճ նկատվել է գրեթե հինգ տարին մեկՙ 2001-ին, 2006-ին եւ 2010-ինՙ 33-55 տոկոսի սահմաններում: Նախորդ տարի կարտոֆիլի գինն աճել է 45.6 տոկոսով, իսկ այս տարվա առաջին կիսամյակում նվազել 27.4 տոկոսով:

Կաթնամթերի եւ կենդանական յուղի գների շարունակական աճի միտումը գրանցվեց 2004-ից: Գնաճի ամենաբարձր մակարդակը նախորդ տարի էրՙ 18.6 տոկոս: Թանկացումները շարունակվեցին նաեւ այս տարիՙ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ արձանագրվեց 3.8 տոկոս գնաճ: Հատկապես բարձր է կարագի գնի աճը: 2011-ին կարագը թանկացել է 20.4 տոկոսով, այս տարիՙ 8.3: Փաստորեն արձանագրվել է մի իրավիճակ, երբ մեկ անձն աղքատ ընտանիքում միջինը սպառում է կրկնակի քիչ քանակությամբ կարագ, քան նախորդ տարի եւ 6 անգամ ավելի քիչ, քան սահմանված է նորմայով:

Մսամթերքի գինը մեր երկրում շարունակում է աճ գրանցել: Նախորդ տարի մսամթերքի գնաճը կազմել է 12, իսկ այս տարի նախորդի համեմատությամբՙ 10.2 տոկոս: Դա հանգեցրել է այն իրականությանը, որ մսամթերքի սպառումը 40 տոկոսով զիջում է նվազագույն զամբյուղով սահմանված նորմային: Բացառությամբ հարուստ խավի, մսամթերքի սպառման ծավալների կրճատում է տեղի ունեցել բոլոր խավերի շրջանում, իսկ ամենաաղքատների խումբը մսամթերքի օգտագործումը կրճատել է 30 տոկոսով:

Նախորդ տարվա հունիսի համեմատությամբ այս տարի Հայաստանում առավել թանկացած պարենային ապրանքատեսակների հնգյակում են նուռըՙ 41.9 տոկոս, խոզի միսըՙ 36.2 տոկոս, կակաոնՙ 34.5 տոկոս, չամիչըՙ 26.2 տոկոս, “Պելե” սուրճըՙ 26.0 տոկոս: Բարենպաստ գյուղատնտեսական տարին իր հետքն է թողել, եւ որոշ ապրանքների գներում նկատվում է փոփոխություն: Մասնավորապես սեղանի ճակնդեղն էժանացել է 51.3 տոկոսով, սխտորըՙ 52.0 տոկոսով, սալորըՙ 56.4 տոկոսով, խնձորըՙ 59.9 տոկոսով, իսկ սեխըՙ 69.1 տոկոսով:

Էժանացված ապրանքները սպառողական զամբյուղի այն կարեւոր ապրանքներից չեն, որոնց օգտագործումը կարող է կոտրել քաղցը: Այն ապրանքները, որոնք սննդարար են եւ ենթակա շուտ սպառման, թանկացել են մի քանի անգամ: Եթե գնաճը շարունակվի այս տեմպերով, ապա մինչեւ 2030թ. պարենային գները կաճեն կրկնակի կամ եռակի, ինչի հետեւանքով կաճի աղքատությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ