Չի ընկրկելու
«Սասնա ծռեր» խմբին աջակցելու համար կալանավորված եւ սեպտեմբերի 28-ին ազատ արձակված ազատամարտիկ Մհեր Մազմանյանը չի ընկրկելու. շարունակելու է պայքարը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
«Իմ հետագա պայքարի համար կալանավորումը պանեշ չի լինելու: Այն խնդիրները, որոնք առկա են մեր երկրում, դրանք բարձրաձայնելու համար, չեն կարողանալու խոչընդոտել ինձ: Մինչ այս, եթե իմ պայքարը կրել է խորհրդատվական բնույթ, եթե ահազանգել եմ խնդիրների մասին, որոնց հանդեպ իշխանություններն անտարբեր մնացին, այժմ ես պայքարելու եմ»,-ասաց նա:
Մհեր Մազմանյանը նշեց՝ իրեն ձերբակալել են հուլիսի 24-ին` իրենց բակից` պատճառաբանելով, որ հեռախոսազրույց է ունեցել «Սասնա ծռերի» անդամների հետ:
«Ինձ ձերբակալել են հուլիսի 24-ին` հենց մեր բակից եւ 29 ին տեղափոխել «Նուբարաշեն» ՔԿՀ: Ես իմ մեքենան վաճառում էի, սոցիալական խնդիրներ ունեի, զանգեցին ասացին` մեքենադ առնել ենք ուզում, գնում եմ ու ձերբակալում են: Իմ ընտանիքի հետ կապը եղել է 25 օր հետո, այդ ընթացքում տարել են ՔԿՀ-ի պետի մոտ, որտեղ ինձ տեղեկացրին, որ ընտանիքիս բնակարանից հանում են` վարձավճարի պատճառով: Այսինքն հոգեբանական ճնշում էին գործադրում իմ նկատմամբ: Բայց ես 65 խցում եմ եղել, իմ անձի հանդեպ շատ լավ, դրական մոտեցում է եղել խցի տղաների կողմից», – ընդգծեց Մհեր Մազմանյանը: