Մոլորյալի «տրամաբանություն». Առավոտ
Երեկ լսեցի երիտասարդ պատգամավորներից մեկի ելույթը, որը լեցուն էր կոպիտ արտահայտություններով եւ վիրավորանքներով։ Շատերը զվարճանում են, հրճվում են նման արտահայտություններից, մեջբերումներ են անում, բացականչում են՝ «ախ, ինչպես այս մեկն այն մեկին փչացրեց»։ Իսկ ես միայն ցավ եմ ապրում՝ անկախ նրանից, թե ով է ճիշտ, ով սխալ, ով է առաջինը սկսել եւ այլն։
Ես ցավում եմ նախեւառաջ այդ բառապաշարով խոսացողի եւ ապա՝ բոլորիս համար, որ ստիպված ենք այդ ամենը լսել եւ երբեմն քննարկել։ Ինձ ցավ է պատճառում, որ մարդիկ այդքան կենտրոնացած են իրենց անձի, իրենց «էգո»-ի վրա, որ չեն կարող ըմբոշխնել կյանքն իր ողջ բազմազանությամբ։ Նրանք մտածում են՝ այ, հիմա ես այնպիսի շշպռող, խայթող բան կասեմ կամ կգրեմ, որ դա կոչնչացնի իմ «դուշմանին»,. եւ բոլորը կհասկանան, թե որքան լավն եմ ես, եւ որքան ստոր է այդ «դուշմանը»։
«Ես կհաղթեմ, կոչնչացնեմ, կստորացնեմ նրան՝ այնպես, որ նա այլեւս չի կարողանա ձայն հանել»,- այդպիսին է այդ մոլորյալների «տրամաբանությունը»։ Այդպես իրականում չի լինում. որպես կանոն, դիմացինդ նույնպես ցանկանում է «իրեն նեղացնողին» ոչնչացնել, վրեժ լուծել եւ այլն, ու այդ պայքարն ավարտվում է ոչ թե ինչ-որ մեկի հաղթանակով, այլ «մարտական ոչ-ոքի»-ով։
Հավատացեք, ցանկացած գործ, որն արվում է սեփական կարեւորությունն ընդգծելու համար, դատապարտված է անհաջողության։ Ոչ միայն գործ, այլեւ ցանկացած գրված կամ արտասանած բառ։ Երբ հայտնի գրող-հրապարակախոսն ասում է՝ «ես դեռեւս 19.. թվականին ասում էի… », ինձ այլեւս չի հետաքրքրում, թե ինչ էր նա ասում, որովհետեւ այս նախադասության մեջ կարեւորը «ես»–ն է, մնացածը որեւէ նշանակություն չունի։
Երբ պատգամավորն ասում է՝ «ես այն քաղաքական գործիչն եմ, որը…», այլեւս էական չէ, թե ինչ է նա արել, որովհետեւ եթե արել է եւ նման տոնով խոսում է դրա մասին, ուրեմն արել է ոչ թե մարդկանց օգուտ բերելու նպատակով, այլ ընդամենը դրա մասին խոսելու համար։ Երբ քաղաքական գործիչն ասում է` «Ես այնքան կարեւոր եմ, որ ամբողջ հակառակորդ ճամբարի ուշքն ու միտքը ինձ որեւէ վատություն անելն է», դա նշանակում է. որ նա այնքան էլ կարեւոր չէ՝ հակառակ դեպքում դրա մասին չէր խոսի։ Բայց եթե ես ինձ այդքան կարեւորում եմ, ապա պարտք եմ համարում աջից ու ձախից հարձակվող «դուշմաններից» պաշտպանվել՝ նրանց շեշտակի հարվածներ եւ հակահարվածներ հասցնելով։ Միայն թե հարց է առաջանում՝ արժե՝ արդյոք դրա վրա կյանք ծախսել։
Արամ Աբրահամյան