28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Որևէ մեկը որևէ մեկին դեռ չի մերժել. Հ. Բիշարյանը կոչով է դիմում

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը քննարկումների մեջ է և չի մերժել «Լուսավոր Հայաստանի» առաջարկը: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ԲՀԿ-ին ու «Հայկական վերածնունդին» կոչ էր արել միանալ իրենց՝ Վանաձորի քաղաքապետի միասնական թեկնածու առաջադրելու համար: Ի պատասխան Հայկական վերածնունդն էլ Լուսավոր Հայաստանին էր կոչ արել միանալ իրենց:

«Ես շատ հարգում եմ Էդմոն Մարուքյանին և հարգում եմ այն ձայները, որոնք հավաքեցին: Բայց պետք է հաշվի առնել, որ որպես ողջ երկրում կայացած քաղաքական ուժ՝ մենք նույնպես ունենք առաջարկներ և մոտեցումներ: Ըստ այդմ մենք մեր առաջարկները հրապարակային արել ենք, որովհետև մեզ էլ է հետաքրքրում, որ անպայման լոկալ կառավարման մեջ ընդդիմությունը հաջողություն ունենա: Ես կասեի, որ այս քննարկումը չի փակվել, որևէ մեկը որևէ մեկին դեռ չի մերժել, և մենք ունենք ժամանակ՝ մտածելու, թե ինչպիսի մոտեցում կցուցաբերենք»,- ասաց Հեղինե Բիշարյանը: Հարցին, թե ճիշտ է, որ այս հարցով Արթուր Բաղդասարյանի մասնակցությամբ է երեկ եղել հանդիպում, ի՞նչ են քննարկել, Բիշարյանը պատասխանեց, որ այս փուլում բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը, ովքեր ՏԻՄ ընտրություններում հաղթահարել են անհրաժեշտ շեմը, բանակցում են: Թե ով ում հետ է հանդիպում և ինչ է ասում, ըստ Բիշարյանի, այս պահին կարիք չկա հրապարակել:

«Թողեք թող բանակցություններ տեղի ունենան, որևէ մեկը որևէ մեկին դեռ չի մերժել: Ընդհակառակը, այդ բանակցություններն ու հանդիպումները նպաստելու են գտնելու լավագույն տարբերակը: Քանի որ հրապարակավ հայտարարություն էր եղել էդմոն Մարուքյանի կողմից, դրա համար մենք հրապարակավ պատասխանեցինք»,- ասաց նա: Հարցին, թե հնարավոր է Հայկական վերածնունդը միանա ՀՀԿ-ին, Բիշարյանը պատասխանեց՝ ոչ: Լրագրողների դիտարկումից, թե Հայկական վերածնունդի ցուցակը Վաաձորում գլխավորող Արկադի Փելեշյանը սերտ կապերի մեջ է ՀՀԿ-ականների հետ, Հեղինե Բիշարյանը վրդովվեց.
«Դու Հանրապետականի հետ կապված չե՞ս, որ բարևում ես իրենց: Ինքն էլ այնքանով, որքանով»: Հեղինե Բիշարյանն այնուհետև ասաց, որ ուզում է խոսք հղել ժողովրդին:«Հարգելի ժողովուրդ, դուք ուզո՞ւմ եք ձեր կյանքում փոփոխություններ: Բոլորդ պայքարում եք, որպեսզի այսօրվա իշխանությունը փոխվի, այնպես, ինչպես ընդդիմությունն է պայքարում: Ինչո՞ւ հոկտեմբերի 2-ին երկու քաղաքներում կատարեցիք այլանդակ կեղծիքներ, ինչո՞ւ վերցրեցիք ընտրակաշառք, ինչո՞ւ ձայն տվեցիք ձեր չսիրած ՀՀԿ-ին, ինչո՞ւ նորից օգնեցիք Սերժ Սարգսյանին ու իր կուսակցությանը: Ի՞նչն է պատճառը, հարգելի ժողովուրդ: Ընդդիմադիր ուժերին մեղադրում եք ՀՀԿ-ին բարև տալու համար, կոալիցիա կազմելու համար մեղադրում եք, ամեն ինչի համար մեղադրում եք, բայց ամբողջ ժողովուրդը գլուխները կախ քվեարկեցին: Հիմա ես ուզում եմ էս ժողովրդին հասկանամ, եթե ես գալիս եմ Գյումրի, ժողովուրդ, դուք ինձ ասում եք՝ քյարթու հաց ենք առնում, որ էժան առնենք, թրջենք ուտենք, որ շատ փող չտանք, բա լո՞ւյս է տալիս ձեզ էդ 10 հազար դրամը»,- նշեց Բիշարյանը:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ