“ՀՀԿ-ն օգտագործել է պոռնիկներին, գողական տղերքին”

՛՛Երևանի ավագանու ընտրություններն առանձնացան նրանով, որ ռեժիմը, ըստ էության, դիմեց բոլոր իր ռեսուրսներին, հնարավորությունների օգտագործմանը հերթական անգամ հայ ժողովրդի կամարտահայտումը չապահովելու, նրա կամքը բռնաբարելու նպատակով:
Դա այն տխուր օրերից էր, երբ բոլորս ականատես ենք լինում, թե ինչ հանցավոր միջավայրում ենք ապրում, և դրա ղեկավարները հենց Հայաստանի իշխանավորներն են՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը Երևանի ավագանու ընտրություններին այսպիսի գնահատական տվեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքով՝ “ՀՀԿ-ը օգտագործել է պոռնիկներին, գողական տղերքին” իր նպատակների համար, ընդդիմադիր զանգվածին է ահաբեկել, բազմակի քվեարկություն է արել:
Զուրաբյանն ասաց, որ ՀՀԿ-ն ամեն բակում շտաբ էր բացել, ինչի նպատակը ոչ թե քարոզչությունն էր, այլ ահաբեկումը:
՛՛Մենք իրականում ունենք ապացույցներ, որ կիրառվել է կարուսել, գունավոր գրիչների օգատգործում է եղել… օգտագործվել են քվեաթերթիկների տարբեր ծալվածքներ և հոգեբանական ճնշում է արվել: Կարելի է ասել, որ Հայաստանում այդ օրը տեղի է ունեցել բաց քվեարկություն՛՛,-շեշտեց Զուրաբյանը:
Ըստ Զուրաբյանի` նախքան ավագանու ընտրությունները իրենք իշխանական ճամբարից տեղեկություն են ստացել, որ ՀԱԿ-ը չպիտի անցնի ավագանի, քանի որ իշխանությունը հասկացել է, որ ՀԱԿ-ը այն միակ ընդդիամդիր ուժն է, որ բացահայտում է իրենց չարաշահումները:
Իսկ խորհրդարանական ընտրություններին ՛՛Կոնգրեսին՛՛ թույլ են տվել ստանալ յոթ տոկոս ու ներկայացված լինել ԱԺ-ում, քանի որ միջազգային հանրությունն է այդպես ցանկացել՝ ասելով, որ չեն ընդունի ընտրությունների արդյունքները, եթե ՀԱԿ-ը ներկայացված չլինի:
Զուրաբյանն ասաց, որ 27 ընտրատեղամասերում վերահաշվարկի համար պահանջ են ներկայացրել, իսկ յոթ ընտրատեղամասում էլ քվեարկության արդյունքները՝ անվավեր ճանաչելու: Սա արվում է քվեարկության ապօրինությունը վերահսկելու համար: Դիմելու են նաև վարչական դատարան, թեեւ հույս չունեն, որ արդար որոշում կընդունվի: