«Գյումրեցիները կուշտ են, հոգնել են, զզվել են»
ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ով Գյումրու ՏԻՄ ընտրություններում սատարում էր Բալասանյան դաշիքնին, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով երեկ տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, նշեց, թե ընտրախախտումների մասին ահազանգեր եթե եղել են, ապա դրանք չեն ազդել արդյունքների վրա: «Ես նմանատիպ ինֆորմացիա չունեմ, ամբողջ օրը հետևել եմ, չկա այն ընտրախախտումը, որ ինքը լուրջ ազդեցություն կարող է ունենալ»,- ասաց Գրիգորյանը: Անդրադառնալով ԲՀԿ-ի այն հայտարարությանը, թե պատրաստվում են բողոքարկել ընտրությունների արդյունքները, որովհետեւ հիմքեր կան,՝ Մ. Գրիգորյանն ասաց.
«Թող բողոքարկեն, եթե հիմքեր տեսնում են»: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու որոշեց սատարել Բալասանյան դաշինիքին, ապա պատգամավորն ասաց. «Ինձ համար կարևոր եղել է կատարված աշխատանքը և կատարվելիք աշխատանքը, իսկ այդ ընթացքում՝ քարոզարշավի ընթացքում, դաշինքը ներկայացրել է իր կատարած և կատարելիք աշխատանքները»: Իսկ ընդդիմադիր կուսակցությունների պարտության մասին նկատեց. «Բոլորը պետք է հետևություններ անեն: Այն, որ ասում են՝ Գյումրին ընդդիմադիր քաղաք է, և ով մտքին դնի, կմտնի Գյումրի ու ձայներ կտանի, թող ինքնախաբեությամբ չզբաղվի: Գյումրեցիները կուշտ են, հոգնել են, զզվել են կեղծ ընդդիմադիր շոուներից, մեր քաղաքին պետք է աշխատանք»:
Արդեն հաջորդ խորհրդարանական ընտրություններից խոսելով՝ Մ. Գրիգորյանն ասաց, թե դեռևս հստակեցված չէ իր մանդատի հարցը: Խորհրդարանական ընտրություններին ինքն առաջադրվելու է, իսկ թե որ կուսակցության համամասնական ցուցակով, չի կարող այս պահին ասել: