“Գլխավոր գրպանահատը Տիգրան Սարգսյանն է”

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ինչպես միշտ, այսանգամ էլ ընտրություններ չենք ունեցել. ”Իրականում կա փողի իշխանություն և ժողովրդի սոցիալական վիճակը օգտագործելով` տեղի է ունենում փողի ընտրություն”:
Լյուդմիլա Սարգսյանը նշեց` եթե գիտակից քաղաքացիների տոկոսը շատ ավելի լիներ ,այդ դեպքում ընտրակաշառքը չէր գործի: “Տարեցտարի իշխանությունը կատարելագործվում է փողի բաժանման հարցերում և գնալով դա այդքան էլ տեսանելի չի դառնում»”,-հավելեց ՀԱԿ պատգամավորը:
Լյուդմիլա Սարգսյանը տեղեկացրեց ,որ մինչ այս պահը նա իրեն համարում է ՍԴՀԿ ատենապետ և ինքը ու իրենց կուսակցությունը չեն մասնակցել այս ընտրություններին:
ՀԱԿ պատգամավորի մոտեցմամբ ընտրությունների այսպիսի ավարտը իր համար կանխատեսելի էր եղել. “Այն տոկոսը որ “Հանրապետականը” այսօր ստացել է, տարօրինակ ոչինչ չկա, այս ամենը կանխատեսելի էր: Ժողովուրդը ինչպես միշտ ազատ կամք արտահայտելու հնարավորություն չունեցավ”:
ՀԱԿ-ը նախագահական ընտրություններին չսատարեց “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին և գուցե դա էլ նպաստեց ժողովրդի հիասթափության ավելացմանը ՀԱԿ- ի հանդեպ հարցին, Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց.
“Հիմնական գործոնը մնում է Լևոն Տեր-Պետրոսյանը: Եթե զուգահեռներ տանենք Րաֆֆի Հովհաննիսյան և Լևոն Տեր Պետրոսյան քաղաքական գործիչների միջև, ապա ասեմ, որ Լևոն Տեր – Պետրոսյանը կարողացավ 5 տարի պահել քաղաքական դաշտը լարվածության մեջ և ըստ էության զսպաշապիկի դեր ստանձնեց ընդդեմ իշխանությունների, այս պահի դրությամբ դա չի կարելի ասել Րաֆֆի Հովհաննիսյանի մասին”:
ՀԱԿ պատգամավորի դիտարկմամբ` ձայների տոկոսի այս պատկերը Երեւանի ավագանու ընտրություններին պայմանավորված է նաև արտագաղթի մեծ չափերով. “այս երկրում ապրելու համար պետք է անպայման համախմբվել, հակառակ դեպքում երկիրը կդատարկվի”:
Իսկ ճիշտ կլինի, որ ԲՀԿ-ն և “Բարև Երևան” դաշինքը վերցնեն իրենց իսկ գնահատմամբ` “անարդար ընտրությունների” արդյունքում ձեռք բերված մանդատները.”Ամեն քաղաքական ուժ ունի իր առաջնահերթությունը և կոնկրետ գնահատականները: Ամեն դեպքում դա իրենց որոշելիքն է, եթե նրանց աշխատանքը երևա ավագանու կազմում ես դա կողջունեմ”,-նշեց տիկին Սարգսյանը:
Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով` այս պահին քաղաքական ուժերի առաջ մեկ խնդիր է ծառացած. ” Հաստատել Սահմանադրական կարգ և կանգնեցնել արտագաղթը: Հարկավոր է պայքար տանել և օր առաջ ազատվել ներկայիս իշխանություններից: Իշխանությունը ուղղակի մտել է ժողովրդի գրպանը և գլխավոր գրպանահատը Տիգրան Սարգսյանն է: Նա ուղղակի չի ուզում դուրս գալ ժողովրդի գրպանից”,-ասաց ՀԱԿ պատգամավորը:
Դատական վճիռ է կայացվում ուղիղ զանգի միջոցով, ինչպես իմ ընկեր Գուրգենը կասեր` ոչ մի երկրում նման բան գոյություն չունի: Փաստերը ձեռքիդ ոչինչ չես կարողանում ապացուցել:
Ես աշխատում եմ միշտ բարձր ոգով հանդես գալ և շարունակել ժպտալով աշխատել: Մի փոքր պարտությունը չի կարող ինձ կոտրել”,-եզրափակեց Լյուդմիլա Սարգսյանը, ով հակառակ դատական որոշման` իրեն համարում է ՍԴՀԿ ատենապետ: