«Հիմա ես նստած մտածում եմ՝ բայց ես ոնց չեմ տեսել այսքան բաները» (վիդեո)
«Եթե ատկատներ կան, դրա համար համապատասխան մարմիններ կան բողոքելու համար, այսօր բոլորը խոսում են ատկատների կաշառակերության, չգիտեմ` ամեն ինչը ոչնչացնելու մասին, և էսպես ես այսօր նայում-նայում էի, դրանք բոլորը ժամանակին մեր հետ միասին եղել են իշխանության մեջ»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն՝ ի պատասխան լրագրողների դիտարկման, թե բոլորը խոսում են ատկատների մասին, արդյոք դրանք իսկապես չկան:
Ճշտող հարցին, թե ուզում է ասել կոալիցիոն նախկին գործընկերներն էլ են ատկատներով զբաղվել, նա պատասխանեց. «Չեմ ասում, մյուս բանյերը դուք որոշեք՝ ով ինչ է արել:
Որևէ նորմալ մարդ չի խոսում այդ մասին, խոսում են նրանք, ովքեր եղել են իշխանության մեջ, և հիմա ես նստած մտածում եմ՝ բայց ես ոնց չեմ տեսել այսքան բաները, որ սրանք խոսում են ատկատներից, էս որտեղից են խոսում»:
Ինչ վերաբերում է ստվերի կրճատման մասին, ապա ԱԺ նախագահը շեշտեց, որ դա ցանկացած կառավարության առաջնային գործերից մեկն է. «Երբ նոր կառավարություն է ձևավորվում, կառավարության առաջին խնդիրներից մեկը պիտի լինի դրա դեմ պայքարելու միջոցներ գտնելը»:
Հարցին, թե վարչապետն ասել է, որ յուրաքանչյուր քաղաքացի, ով ունի ջիղ, համարձակություն, լավ գաղափար, նրա կողքին են կանգնելու բզինես ստեղծելու համար, արդյոք իր որդիներից որևէ մեկը չի՞ ցանկանում բիզնես ստեղծել, նա ասաց. «Ես կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ քաղաքացու մտքով միշտ անցնում է , որ ունենա իր յուրօրինակ բիզնեսը, մեկին հաջողվում է, մյուսին ոչ»: