ԱԳ նախարարն ընդունեց Արտաքին քաղաքականության դանիական ասոցիացիայի անդամներին

Մայիսի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Արտաքին քաղաքականության դանիական ասոցիացիայի շուրջ 30 ներկայացուցիչների, որոնց կազմում էին պետական պաշտոնյաներ, խորհրդարանի նախկին անդամներ, դեսպաններ, առաջատար փորձագետներ եւ լրագրողներ` ասոցիացիայի տնօրեն Կլաուս Կարստեն Պեդերսենի գլխավորությամբ։
Օգտվելով առիթից՝ նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց 2011 թ. նոյեմբերին Կոպենհագեն իր այցելության շրջանակներում Արտաքին քաղաքականության դանիական ասոցիացիայում ջերմ ընդունելության, իր ելույթը կազմակերպելու համար եւ կարեւորեց, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ասոցիացիայի անդամներն այցելում են Հայաստան։
Հյուրերի խնդրանքով Էդվարդ Նալբադյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը, տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, միջազգային կառույցներում Հայաստանի ներգրավվածությունն ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցությունը: