Եթե մենք ստվերը դաշտ չբերենք, ինչ ուզում է անենք, երկիրը երկիր չենք դարձնի. Կարեն Կարապետյան
Կառավարության գերխնդիրն է ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի «սպիտակ դաշտում» աշխատող գործարարն իրեն հարմարավետ զգա: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) անդամների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Կառավարությունից հայտնում են, որ վարչապետը նշել է, որ ակնկալում է գործարարներից լսել բիզնեսի զարգացմանը խոչընդոտող խնդիրներն ու մտահոգությունները եւ միաժամանակ առաջարկել է ներկայացնել կառավարությունից սպասվող այն քայլերը, որոնք բարենպաստ պայմաններ կստեղծեն գործարար միջավայրի համար:
ՀԱԳՄ-ի նախագահ Արսեն Ղազարյանը միության անունից շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել արդյունավետ աշխատանք: Նա ներկայացրել է միության անդամ գործարարների հետ քննարկման արդյունքում բարձրացված մի շարք հարցեր՝ ուղղված բիզնես միջավայրի եւ տնտեսական ներկայիս իրավիճակի դրական տեղաշարժերին: Այս առումով Արսեն Ղազարյանը ողջունել է կառավարության՝ կառուցվածքային փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը՝ մասնավորապես, կարեւորելով Էկոնոմիկայի նախարարության անվանափոխությունը Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության, ինչն ավելի նպատակային ու հասցեական կդարձնի այդ գերատեսչության աշխատանքը:
Արձագանքելով Կարեն Կարապետյանը նշել է, որ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը լինելու է կամուրջ կառավարության ու գործարարների միջեւ եւ աջակցելու է բոլոր հարցերում. «Մենք հետեւյալ խնդիրն ենք դրել՝ փոխել սկզբունքային վերաբերմունքը դեպի գործարարը: Մենք ամեն ինչով աշխատելու ենք ցույց տալ, որ ձեր գործընկերն ենք: Մենք պատրաստ ենք կանոնավոր կերպով արձագանքել բոլոր բարձրացված խնդիրներին եւ անելու ենք ամեն ինչ, որպեսզի համատեղ աշխատանքը լինի առավելագույնս թափանցիկ»:
Վարչապետի խոսքով՝ կառավարության գերխնդիրն է ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի «սպիտակ դաշտում» աշխատող գործարարն իրեն հարմարավետ զգա, իսկ ստվերում աշխատողը գիտակցի, որ առաջին հերթին հենց իրեն է պետք դառնալ բարեխիղճ հարկատու. «Եթե մենք ստվերը դաշտ չբերենք, ինչ ուզում է անենք, երկիրը երկիր չենք դարձնի»: Կառավարության ղեկավարը, խոսելով բիզնես միջավայրի բարելավման նպատակով նախատեսվող միջոցառումներից, տեղեկացրել է, որ, օրինակ, դիտարկվում է որոշակի հարկային եւ էներգակիրների մատակարարման մասով արտոնություններ տրամադրելու հնարավորությունը՝ բոլոր այն նոր արտադրություններին, որոնք Հայաստանում չկան: Այդ պայմանները մրցակցության առումով որեւէ խնդիր չեն ստեղծի մյուսների համար եւ կնպաստեն երկրում ներդրումների աճին ու նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են մակրոտնտեսական զարգացման ռազմավարությանը, հավասար մրցակցային դաշտի ձեւավորմանը, Հարկային օրենսգրքի նախագծին եւ հարակից այլ հարցեր:
Վարչապետը կարեւորել է նման ձեւաչափով քննարկումները եւ գործարար համայնքի հետ շարունակական համագործակցությունը՝ առաջարկելով արագ արձագանքել կառավարության նախաձեռնություններին եւ կոնկրետ առաջարկություններ ներկայացնել: