Նախկին ֆուտբոլիստը Սաակաշվիլիին կթողնի առանց նրա “երազանքների քաղաքի”
Լազիկա քաղաքի կառուցումը, որը Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անվանում էր “իր երազանքների քաղաքը”, ավարտին չի հասցվի: Այդ մասին հայտարարել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների հարցերով նախարար Կախա Կալաձեն, գրում է “Грузия-Online”-ը:
Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակած “Վրացական երազանք” կոալիցիաի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին “Forbes”-ին տված հարցազրույցում Լազիկա քաղաքի կառուցումն “անեկդոտ” էր անվանել եւ հասկացրել, որ մտադիր չէ շարունակել այն: Նա նաեւ կարծիք էր հայտնել, որ ոչ ոք այդ նախագծին լուրջ չի վերաբերվում:
Նախկին ֆուտբոլիստ Կալաձեն էլ հայտարարել է, թե “Սաակաշվիլիի հիմար մտքերը չեն իրականացվի, քանի որ պետությունը միջոցներ չունի դրա համար”:
Մեկնաբանելով իր առաջադրումը նախարարի եւ փոխվարչապետի պաշտոնւոմ` Կալաձեն խոստովանել է, որ չէր սպասում նման պաշտոն ստանալ: “Սա շատ պատասխանատու պաշտոն է, եւ ես ամեն ինչ կանեմ իմ ժողովրդի համար”,-հատարարել է իտալական “Միլանի” եի կիեւյան “Դինամոյի” նախկին պաշտպանը:
Ծովափնյա Լազիկա քաղաքի հիմքը պաշտոնապես գցվել է Սաակաշվիլիի կողմից այս տարվա սեպտեմբերին: Նախատեսված էր առաջիկա 4 տարվա ընթացքում քաղաքի շինարարության մեջ ներդնել 120 մլն դոլար եւ ներգրավել 600-900 մլն ներդրումներ: