Կարեն Կարապետյանի ընտրությունը` «Հանրապետակա՞ն»
« ՀՀԿ-ն երբևէ իր առաջ խնդիր չի դրել, որ կառավարության բոլոր անդամները լինեն ՀՀԿ-ական։ Նորանշանակ նախարարների մի մասը ՀՀԿ-ական են։ «Հանրապետական» կուսակցությունը պատասխանատու է, թե՛ նախորդ կառավարությունների համար և թե՛ գործող կառավարության համար, անկախ նրանից՝ կառավարության անդամները ՀՀԿ-ական են, թե ոչ, պատասխանատուն «Հանրապետականն» է.,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն՝ անդրադառնալով երեկվա նշանակումներին։
Նկատենք, որ նորանշանակ նախարարների մեծամասնությունը ՀՀԿ-ականներ չեն: «Կուսակցական պատկանելությունը երբեք վճռորոշ չի եղել նշանակումների համար։ Եվ հետո կառավարության ղեկավարն ինքն է ներկայացրել ցանկը հանրապետության նախագահին, թե ում հետ հարմար կգտնի աշխատելու։ Կարեն Կարապետյանը թեկնածուներին ներկայացրել է հանրապետության նախագահին, նա էլ իր հրամանագրերով հաստատել է այդ թեկնածությունները։ Մենք արդեն ունենք 17 նախարար, որոնցից 8-ը նոր են»,-հավելեց Մելիքյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է առաջիկայում վարչապետ Կարեն Կարապետյանն անդամագրվի ՀՀԿ-ին, նա պատասխանեց. «Ոչինչ չբացառելով՝ ասեմ, որ 2000 թվականին, երբ ձևավորվեց Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը, այնտեղ էլ կառավարության մի զգալի մասը ՀՀԿ-ական չէր։ Այնպես որ ՀՀԿ-ն երբեք իր համար գերխնդիր չի համարել ներկայացնել նախարարներ, որոնք ՀՀԿ անդամ են։ Բայց երբևէ չենք բացառել և չենք բացառում, որ առաջիկայում կարող են լինել նախարարներ, որոնք կանդամակցեն ՀՀԿ-ին։ Դրանում վատ բան չենք տեսնում և ոչինչ չենք բացառում»։