Բնական կարիքները հոգալու տեղ չունեն. բնակիչները փակել են Արշակունյաց պողոտան

Երեւանի Արշակունյաց պողոտայի 278 հասցեում ընթացող շինարարական աշխատանքների պատճառով ընդհանուր օգտագործման կոյուղուց զրկված՝ հարակից 5-6 տների բնակիչներն այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ի նշան բողոքի մի քանի րոպեով փակել են Արշակունյաց պողոտան:
«Կառուցվող շինության սեփականատերը փակել է 5-6 տների ընդհանուր օգտագործման կոյուղին՝ ասելով, որ ինքը սեփականատերն է, ինչ ուզի, կանի: Եթե մի քիչ ջուր ենք ավելացնում, ջուրը բարձրանում, տներն է լցվում: Ստացվել է փակ համակարգ, հնարավոր չի այդ կերպ, կեղտը դուրս ա գալիս: Մտածել են 5-6 տուն է, չեն բողոքի, բայց բազմանդամ ընտանիքներ են, փոքր երեխաներ կան»,- լրագրողների հետ զրույցում ասել է բնակիչներից մեկը:
Բնակիչները բողոքել են թաղապետարան, ստացել պատասխան, որ շինարարության փաստաթղթային օրինականությունն ապահովված է, սեփականատերն իրավունք ունի փակել ընդհանուր օգտագործման կոյուղին:
Բնակիչները վրդոված են և սպասում են խնդրի հրատապ լուծմանը միտված քայլերի: