«Զոնքանչի սինդրոմը»՝ Ազգային ժողովում քննարկման առարկա

Ազգային ժողովում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկմանը ԱԺ ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը հիմնական զեկուցող Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին հարցրեց, թե արդյոք օրենքի մեջ ներառվում է փոխկապակցված անձանց խնդիրը, որ նրանք էլ ներկայացնեն հայտարարագիր, եկամուտները, գույքը: «Ինչպես գիտենք, երկրում կա արատավոր երևույթ, այսպես ասած՝ զոքանչի սինդրոմը, որի մասին խոսվում է, նաև մամուլն է բազմիցս գրում: Ինչպե՞ս է այս օրենքով կարգավորելու այդ խնդիրը»,-հարցրեց նա:
Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ «զոքանչային սինդրոմի» գեղագիտական նշանակությունը մի կողմ դնելով՝ իրավական առումով իսկապես հարցը կարևոր է: Նա հայտնեց՝ հարցը քննարկվել է, և խոսքը վերաբերում է փոխկապակցված անձանց շրջանակների ընդլայնմանը: «Բայց կարծրացած, քարացած կանոններով սահմանել այդ շրջանակները, սխալ կլինի, որովհետև շատ դեպքերում ցույց է տալիս, որ նույնիսկ եթե այդ փոխկապակցված շրջանակը բարեկամական կապով ես պայմանավորում, հնարավոր է լինում, որ այդ կապը տվյալ անձանց դեպքում կիրառելի չէ և բերում է իրավունքների սահմանափակման»,-ասաց նա և հավելեց, թե դրա համար չափազանց զգույշ պետք է վերաբերվել:
Նախարարը տեղեկացրեց, որ սա դեռևս հայտարարագրին վերաբերող նախագիծ է, որին հաջորդելու է ապօրինի հարստացման, իրական սեփականատերի բացահայտման, շահերի հայտարարագրման, փոխկապակցված անձերի ընդլայնման և այլ նախագծեր: «Այդ հարցը մյուս փաթեթների շրջանակների համատեքստում է»,-ասաց նա: