«Էրեբունի-Երևան 2798» տոնակատարությունն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 8-ին՝ «Երևան՝ արևի քաղաք» կարգախոսով
«Էրեբունի-Երևան 2798» աշխատանքային խմբի համակարգող, փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը Երևանի քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլին ներկայացրել է «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում նախատեսված միջոցառումների ծրագիրը:
Խոսելով մշակութային ծրագրերի մասին` քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ այս տարի «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարությունը, ի տարբերություն նախորդ տարիների, կանցկացվի մեկ օր՝ հոկտեմբերի 8-ին, «Երևան՝ արևի քաղաք» կարգախոսով:
Արամ Սուքիասյանը տեղեկացրել է, որ այս տարի ծրագրում չեն ներառվել տոնակատարության ծավալով ամենամեծ միջոցառումները՝ ավանդական դարձած Հանրապետության հրապարակի տոնական գալա-համերգն ու Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի առջև անցկացվող տոնական շքերթը:
«Հաշվի առնելով ապրիլի սկզբին առաջնագծում տեղի ունեցած դեպքերը՝ դեռևս այս տարվա մայիսին Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ փոփոխություններ կատարվեցին 2016թ. բյուջեում, մասնավորապես մշակութային ծրագրերի մասով, որոնք ուղղվեցին առաջնագծում զոհված, վիրավոր և հաշմանդամություն ձեռք բերած երևանաբնակ զինծառայողների ընտանիքների օժանդակությանը: Այս տրամաբանությամբ էլ «Էրեբունի–Երևան 2798» տոնակատարությունը կլինի ավելի քան զուսպ», – ընդգծել է Արամ Սուքիասյանը՝ հավելելով, որ միջոցառումների սոցիալական բաղադրիչով սեպտեմբերի 27-ից կմեկնարկի արդեն մի քանի տարի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ մայրաքաղաքի ծննդյան տարեթվին համապատասխան թվով սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերվող աջակցության ծրագիրը:
Անդրադառնալով հիմնական միջցառումներին՝ Արամ Սուքիասյանը նշել է, որ մեր համաքաղաքացիների և այդ օրերին Երևանում գտնվող հյուրերի համար հիմնական բեմահարթակներում՝ հրապարկներում, զբոսայգիներում և բացօթյա այլ հատվածներում կկազմակերպվեն ավանդական դարձած բազմաժանր համերգային ծրագրեր՝ ռոքի, ջազի, դասական երաժշտության սիրահարների համար: Իսկ «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի հարակից պուրակում (Խաչքարերի պուրակ) կտեղակայվի ազգային բեմահարթակը, ուր սկզբում հանդես կգան ազգային փոքրամասնություններն՝ իրենց էթնոմշակույթով, ապա հայկական ազգագրական երգի-պարի համույթները: Այս տարի նախատեսված են բազմաթիվ անակնկալ ֆլեշմոբեր, որոնք կմեկնարկեն 14:00-ից՝ ամենատարբեր վայրերում և տարբեր ժամերի: Հոկտեմբերի 8-ին երթևեկությունը մայրաքաղաքում էապես չի դադարեցվի: Այս տարի ժամանակավորապես կփակվեն միայն Էրեբունի փողոցը և Աբովյան փողոցի մի հատվածը:
«Երևան՝ արևի քաղաք» կարգախոսին համապատասխան մայրաքաղաքն այս տարի կձևավորվի կարմիր և ծիրանագույն երանգներով, որոնք կխորհրդանշեն արևի ճառագայթները: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ տոնական ձևավորում կստանան ինչպես մայրաքաղաքի փողոցներն ու կամուրջները, այնպես էլ տրանսպորտային միջոցներն ու քաղաքային գույքը: Տոնի մասին կհուշեն նաև գովազդային վահանակներին փակցված պաստառներն ու հոլովակները:
«Բոլոր տնտեսվարողներին և կազմակերպություններին բաժանվում են համապատասխան ուղեցույցներ, որոնք կհուշեն, թե ինչպիսի ձևավորում պետք է իրականացնեն վերջիններս, որպեսզի մայրաքաղաքն այդ օրերին ամբողջական ու միասնական տեսք ստանա»,-նշել է Արազ Բաղդասարյանը:
Ասուլիսի շրջանակում նշվել է նաև, որ Երևան քաղաքի ավագանու առաջիկա նիստում, ավանդույթի համաձայն, կքննարկվի և հայտնի կդառնան Երևանի պատվավոր քաղաքացիների անունները: