ՀՀԿ-ից հայտնում են Արծվիկ Մինասյանի նոր պաշտոնը
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը կնշանակվի Բնապահպանության նախարար: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա նշեց, թե ՀՀԿ- ՀՅԴ հուշագրի համաձայն գրված չէ, որ հենց այդ երեք նախարարական պորտֆելներն են տրվելու «Դաշնակցությանը»: «Հուշագրում մենք որևէ նման պայմանավորվածություն չունենք, հուշագրում կա քանակների մասին, որ երեք դաշնակցական մեր գործընկերները պետք է լինեն կառավարության կազմում, և մենք դա պահպանում ենք»:
Ըստ Բաղդասարյանի՝ նոր վարչապետն է որոշում, թե որ նախարարը որ տեղում օգտակար կլինի: Դիտարկմանը, թե վարչապետ Կարեն Կարապետյանը ձևավորում է թիմ սեփական մերձավորների և ընկերների շրջանակներից, այնպես ինչպես նախորդ վարչապետերը, նա արձագանքեց. «Մեր մեջ չկան թաղային հարաբերություններ, այլ կան թիմային հարաբերություններ»: Բաղդասարյանը հավելեց, որ Հայաստանը փոքր երկիր է, և շատերն իրար ընկերներ են:
Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, թե պետք է վերջ տալ պրիմիտիվ գողություններին, ապա Բաղդասարյանն ասաց. «Մի անձնավորեք, դա ընդհանուր այն մթնոլորտի մասին է, որ եղել է նման բան, և պետք է ազատվել դրանից»: Բաղդասարյանի խոսքով՝ գողությունը եկել է մարդկության հետ, ու մարդկության հետ կհեռանա: