ԱՄՆ-ի Կոնգրեսում անդրադարձել են Հայաստանի ռազմավարական նշանակությանը
Հայաստանը Միացյալ Նահանգների համար ունի բացարձակ բարձր ռազմավարական նշանակություն, Կոնգրեսում անցած լսումներին հայտարարել է կոնգրեսական Բրադ Շերմանը, ով կոչ էր արել ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջաք Լյուին արագացնել հայ-ամերիկյան հարկային մեծ պայմանագրի վավերացման գործընթացը,հայտնում է Ամերիկայի ձայնը։
Կոնգրեսականի խոսքով, Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հարցը դիտարկում է զուտ տնտեսական դիրքերից, բաց թողնելով կարեւոր քաղաքական նկատառումները.
«Ձեր աշխատակիցները կարեւոր հանգամանք են բաց թողնում, նրանք դիտարկում են ամեն ինչը բացառապես տնտեսական տեսանկյունից, մինչդեռ պետք է հիշեն նաեւ աշխարհաքաղաքական եւ արտաքին քաղաքական համատեքստը»:
Շերմանը հիշեցրել է, որ անկախացումից ի վեր Միացյալ Նահանգները փորձել է ամեն կերպ աջակցել հայկական պետության ամրապնդմանը.
«Մենք Կոնգրեսում անցած 25 տարիների ընթացքում Հայաստանին միլիարդավոր դոլարների օգնություն ենք տրամադրել: Գործադիրն իր կողմից անց է կացնում քաղաքականություն ուղղված նախկին խորհրդային պետությունների լիակատար անկախացմանը՝ փորձելով ազատել նրանց Մոսկվայից»:
Հայաստանի քաղաքական դերն առավել մեծանում է վերջին տարիների գլոբալ զարգացումների համատեքստում եւ Միացյալ Նահանգների շահերից է բխում հնարավորին չափ շուտ հարկային պայմանագիր կնքել Հայաստանի հետ, ամրապնդելով երկկողմ առեւտրատնտեսական համագործակցությունը, ավելացրել է Բրադ Շերմանը: Ըստ կոնգրեսականի, տարբերությունները նվազեցնելու նպատակով հայկական կողմը Միացյալ Նահանգների հետ հարկային պայմանագիրը մշակել է հիմնվելով հենց ամերիկյան նմուշի վրա:
Ի պատասխան ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը նշել է, որ լավ է գիտակցում Հայաստանի կարեւորությունը.
«Ես գիտակցում եմ Հայաստանի ռազմավարական նշանակությունը եւ գնահատում եմ ձեր մտահոգության պատճառները: Մենք այս հարկային համաձայնագրերը դիտարկում ենք տնտեսական հարկային քաղաքականության համատեքստում եւ հիմնական հարցն այստեղ վերաբերում է երկակի հարկումից խուսափելու հեռանկարին»:
Մասնագետների խոսքով, Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ հարկային նոր համաձայնագրի ստորագրումը թույլ կտա զգալի ավելացնել երկկողմ տնտեսական կապերը եւ կնպաստի Հայաստանի տնտեսության մեջ ամերիկյան ներդրումների թվի ավելացմանը: