28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ո՞ր նախարարությունները կկրճատվեն. Հրապարակ

ՀՀ կառավարության վերջին նիստում ներկայացվել է «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի Քաղաքաշինության նախարարությունը կվերանա եւ կդառնա կառավարությանն առընթեր մարմին կամ կոմիտե: Քաղաքաշինության նախարարությունը, որը ստեղծվել էր 1995 թ-ին, 2000 թ-ին վերակազմակերպվեց ՀՀ տարածքային կառավարման ու քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության: Մեկ տարի անց` 2001 թ-ին նախարարությունը վերակազմակերպվեց և կոչվեց ՀՀ քաղաքաշինության նախարարության: 2014թ-ից քաղաքաշինության նախարարն է Նարեկ Սարգսյանը։ Անդրադառնալով կառավարության այս որոշմանը Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը նշեց՝ «Ուրեմն այդպես են նպատակահարմար գտել», ամեն դեպքում նա չի կարծում, որ դրանից կընկնի մեր ճարտարապետության որակը, ավելին՝ Մկրտիչ Մինասյանը բերում է Ռուսաստանի օրինակը, որտեղ քաղաքաշինության նախարարություն չկա, այլ կա միայն շինարարության նախարարություն, որտեղ որպես գլխավոր վարչություն ընդգրկված է քաղաքաշինության նախարարությունը. «Շատ երկրներում է այդպես, տարբեր ժամանակներում տարբեր կոնֆիգուրացիաներ է ստանում այդ նախարարությունը, մեզ մոտ էլ ժամանակին գոսստռոյ է եղել, այնպես որ դա երեւի կառավարության որոշելու հարցն է, ուրեմն նպատակահարմար են գտել կառավարությանն առընթեր կոմիտե լինի, իմիջայլոց 90թ-ին էլ մեզ մոտ կոմիտե էր եւ ոչ նախարարություն, դրա մեջ վտանգավոր բան չեմ տեսնում»։ Արդյունքում չի՞ ստացվում, որ պետությունն այսքան տարի պահում էր ավելորդ մի կառույց՝ իր հսկա աշխատակազմով հանդերձ, ապա Մկրտիչ Մինասյանն առաջարկում է այդպես չնայել այս հարցին. «Երեւի ժամանակին մեծ նշանակություն են տվել, հետո կամաց կամաց տեսնում են, որ պետք է հետեւենք թե ինչքան ենք ծախսում ու տեսան, որ դրանից ոչ մի բան չի փոխվի, եթե դա դառնա այսուհետ կառավարությանն առընթեր կոմիտե։ Կարծում եմ ուզում են մի հատ վերանայեն թե կազմը նախարարությունների թե թվաքանակը, եւ դա ուղղված կլինի ավելի արդյունավետ լինելուն»,-ասաց նա՝ նկատելով, որ այստեղ խոսքը գնում է միայն խնայողությունների մասին «աշխարհում շատ քիչ պետություններ ունեն մաքուր ճարատարապետության եւ քաղաքաշինության նախարարություն»։ Մինասյանի կարծիքով դա բոլորովին չի նշանակում, որ քաղաքաշինական խնդիրները չեն կարեւորվելու ներկայիս կառավարության կողմից. «Ընդհակառակը քաղաքաշինական խնդիրները բոլոր երկրներում են կարեւորվում, բայց օրինակ սովետական միությունում ունեինք առաձին կառույց, որովհետեւ պատվիրատուն մեկն էր՝ պետությունը, նա էր ուղղություն տալիս, թե որ հանրապետությունը որ կողմ պետք է գնա, ինչպես զարգանա։ Հիմա պետության մասնաբաժինը ընդհանուր կառույցների մեջ երեւի 15 տոկոս էլ չի հասնում, բոլորը մասնավոր կառույցներ են եւ պետությանը մնում է, որ հսկի այդ կառույցները եւ հնարավորինս բացառի, որ լինեն քաղաքաշինական տգեղ երեւույթներ, այսինքն հսկողի դերում պետք է լինի»։ Ըստ Մինասյանի, այդ ձեւաչափով էլ քաղաքաշինության նախարարույթունը կաշխատի, որովհետեւ բազմաթիվ խնդիրներ կան ոլորտում՝ նորմատիվ փաստաթղթերից սկսած մինչեւ օրենքներ մշակելը։ Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը էական նշանակություն չի տալիս կառավարության այդ որոշմանը, որովհետեւ կարեւոր չէ, թե ինչպես կկոչվի այդ մարմինը կառավարության մեջ, էականն այն է, թե այդ մարմինը կկարողանա ուժ ու եռանդ ունենալ օրենքի տառը պահպանելու համար։ «Մինչեւ նախարարություն դառնալը դա կոմիտե էր, իսկ կոմիտե եղած ժամանակ ոչ մի վատ գործողություն չի եղել, նույնիսկ ավելի լավն է եղել, քան հիմա։ Ես դա չեմ վերագրում հիմնարկի անվանմանը, այլ նրան, որ օրենքի գերակայությունը հետզհետե նահանջել է, այստեղ կարեւորը դա է, որպեսզի օրենքի գերակայությունը ապահովվի, իսկ թե նախարարությունը նախարարություն կկոչվի, թե կոմիտե՝ ոչ մի նշանակություն չունի»։ Այն հարցին, թե կառավարության որոշումից ստացվում է, որ ավելո՞րդ էր այդ կառույցը, ապա. «Եթե համեմատենք Շվեյցարիայի հետ, այնտեղի ամբողջ կառավարության նախարարների թիվը 6 թե 7 է, մեզ մոտ հաշվեք թե ինչքան են, իսկ մենք Շվեյցարիայից հաստատ մեծ երկիր չենք։ Ինչու է պետք օրինակ Սփյուռքի նախարությունը, այս բոլորը ուռճացված մեխանիզմ է, որը հեչ պետք չէ նախարարություն կոչվեր եւ օրենքով սահմանված հազար ու մի արտոնություն սահմանվեր։ Դրա համար ես կողմնակից եմ կառավարության այս մոտեցմանը՝ կրճատել նախարարությունների քանակը, դա ավելի ակտիվ եւ գործնական կլինի»։ Սաշուր Քալաշյանի կարծիքով այս որոշումը կապ չունի բուն քաղաքաշինական ոլորտի եւ նրանում առկա խնդիրների հետ. «Այստեղ առաջին դեմքի խնդիրն է, թե նա կկարողանա ապահովել օրենքի գերակայությունը, հեչ կապ չունի կկոչվի այն քաղաքաշինության նախարարություն, թե ճարտարապետության կոմիտե, դա էական չէ։ Այստեղ ես ուրիշ խնդիրներ էլ եմ տեսնում, օրինակ այն ծախսերը, որ արվում էր նախարարության վրա, բնականաբար այդ աստիճանի էլ չի լինի, ավելի համեստ կլինեն ։ Ի վերջո տնտեսությունը շատ ավելի ծանր խնդիր է, քան քաղաքաշինությունը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ