28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Երևանի օրվան նվիրված միջոցառումներն այս տարի կանցկացվեն ավելի համեստ ձևաչափով

Մայրաքաղաքի օրվան նվիրված միջոցառումների հետ կապված հարցեր են քննարկվել  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մոտ անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Միջոցառումների անցկացման հետ կապված՝  քաղաքապետն աշխատանքային խմբի ուշադրությունը հրավիրել է մասնավորապես այն հանգամանքի վրա, որ դրանք այս տարի պետք է կազմակերպվեն ավելի համեստ ձևաչափով:

«Տեղյակ եք, որ դեռ այս տարվա մայիսին վերանայեցինք Երևան քաղաքի 2016թ. հաստատված բյուջեի մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցները, որի հաշվին էլ համապատասխան աջակցություն ցուցաբերեցինք ապրիլի սկզբին առաջնագծում զոհված, վիրավոր և հաշմանդամություն ձեռք բերած երևանաբնակ զինծառայողների ընտանիքներին: Եվ դեռ այն ժամանակ նշել էի, որ այդ վերանայումը հիմնականում իրականացվել է «ԷրեբունիԵրևան» տոնակատարության համար նախատեսված ֆինանսական միջոցներից:
Ըստ այդմ , Երևանի օրվան նվիրված միջոցառումներն այս տարի կանցկացվեն ավելի համեստ ձևաչափով, միայն մեկ օր՝ հոկտեմբերի 8-ին, նաև ծրագրում չենք ներառի ավանդական դարձած Հանրապետության հրապարակի տոնական համերգն ու քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի առջև անցկացվող տոնական շքերթը:

Փոխարենը  լիարժեք կիրականացվի տոնակատարության սոցիալական բաղադրիչը, որի շրջանակում 2798 ընտանիքների, վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն, կտրամադրվեն անակնկալ նվերներ: Ինչ վերաբերում է տոնական միջոցառումներին, մենք պետք է այնպես անենք, որ լիարժեք ապահովենք մեր համաքաղաքացիների և մայրաքաղաքի հյուրերի տոնական տրամադրությունն այդ օրը»,նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Խորհրդակցությանը մասնակցող սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը զեկուցել է, որ սոցիալական բաղադրիչի իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խումբն արդեն իսկ կազմել է ընտանիքների ցանկը, որոնք կընդգրկվեն «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում նախատեսված սոցիալական աջակցության ծրագրում: Քաղաքապետը հանձնարարել է կազմել նաև սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողների այցի կազմակերպման ծրագիրը, որը ևս ներառված է տոնակատարության միջոցառումների ծրագրում և կկազմակերպվի հոկտեմբերին:

Աշխատանքային խմբի համակարգող, փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանին էլ հանձնարարվել է սեպտեմբերի 26-ին նախատեսվող մամլո ասուլիսին ավելի մանրամասն ներկայացնել տոնակատարության ծրագիրն ու միջոցառումների մանրամասները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ