Նոբելյան մրցանակակիրները կդասախոսեն հայ երիտասարդների համար
Հոկտեմբերի 10-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված Նոբելյան մրցանակակիրներ, պրոֆեսոր Թիմոթի Հանթի և պրոֆեսոր Մարտին Չալֆիի՝ Երևանում կայանալիք հանրային դասախոսություններին և երիտասարդ գիտնականների հետ նրանց կլոր սեղան-քննարկմանը։
ՙՆոբելյան մրցանակակիրների դասախոսությունների շարքը Հայաստանում՚ ծրագրի համակարգող Հովակիմ Զաքարյանը տեղեկացրեց, որ դասախոսությունները տեղի են ունենալու նոյեմբերի 4-ին։ Թիմոթի Հանթի դասախոսությունը նվիրված է լինելու քաղցկեղի հիմնախնդրին։ Մարտին Չալֆին ներկայացնելու է գիտահետազոտական աշխատանքներում կիրառվող ժամանակակից մեթոդները։ Դասախոսությունների ունկնդիրների ընտրությունը կատարելիս առաջնությունը տրվելու է մասնագիտությամբ կենսաբաններին, բժիշկներին, բնագետներին։ Գիտության այլ ոլորտները ներկայացնող մասնագետներին նույնպես հնարավորություն կտրվի մասնակցել հանրային դասախոսությունների։
Ընդհանուր առմամբ դասախոսություններին կարող է մասնակցել 180 մասնագետ։ Հետաքրքրությունը ծրագրի նկատմամբ բավականին մեծ է, և մասնակցության վերջնաժամկետից 10 օր առաջ արդեն իսկ ստացվել է ավելի քան 180 հայտ։
Նշենք, որ նոյեմբերի 4-ին Նոբելյան մրցանակակիրների մասնակցությամբ տեղի կունենա նաև «Ինչպես դառնալ հաջողակ գիտնական» թեմայով կլոր սեղան-քննարկում, որը կանցկացվի ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ Նոբելյան մրցանակակիրներ Հանթին և Չալֆիին Հայաստան հրավիրելը պատահական չէ։ Հայաստանում նախատեսվում է հիմնել միջազգային չափանիշներին համապատասխան քաղցկեղի ախտորոշման և բուժման կենտրոն, և քաղցկեղի ոլորտում ուսումնասիրություններ կատարող անվանի գիտնականները կարող են էապես օգնել իրենց խորհուրդներով, դասախոսություններով ու փորձի հաղորդմամբ։
Կարեն Ավագյանն ընդգծեց նաև, որ երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին տարեկան հատկացվում է 100 միլիոն դրամ։ 2012 թվականի ընթացքում արդեն ֆինանսավորվել են մի քանի տասնյակ ծրագրեր, և հանրապետության նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի նկատմամբ կա մեծ հետաքրքրություն։
Նշենք, որ Նոբելյան մրցանակակիրների հանրային դասախոսությունները կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, “Երիտասարդ կենսաբանների ասոցիացի” ՀԿ-ն և ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն։