Մինչեւ տարեվերջ. Հայկական Ժամանակ
Թերթի տեղեկություններով, սեպտեմբերի 26-ին կառավարությունը Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան է հրավիրելու: Քննարկվող հիմնական հարցերից մեկը լինելու է կառավարությունում կառուցվածքային փոփոխություն անելու մասին նախագիծը:
Դրանով նախատեսվում է գործադիրի կազմում կատարել մի շարք ձեւափոխումներ` գերատեսչությունների միավորումներ, բաժանումներ, օպտիմալացում եւ այլն: Կառավարության կառուցվածքին վերաբերող կարեւորագոյն հարցը, որ հիմա քննարկվում է կառավարությունում, վերաբերում է ՀՀ պետեկամուտների կոմիտեին, որը, ըստ ամենայնի, կբաժանվի հարկային եւ մաքսային ծառայությունների:
Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը չի ցանկանում «կորցնել» ներկայիս ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանին, իսկ Կարեն Կարապետյանը ցանկանում իր կադրերին նշանակել այդ ոլորտում: ՊԵԿ-ի բաժանումը կարող է լինել երկու կողմերին մասնակի բավարարող լուծում: Կա նաեւ էկոնոմիկայի նախարարությունը նորից անվանափոխելու վերաբերյալ հարց եւ նման մի շարք այլ նախագծեր: Ի դեպ, հավանականություն կա, որ այդ արտահերթ նստաշրջանի ժամանակ կարող է ներկայացվել նաեւ համաներման մասին նախագիծը, բայց թերթի աղբյուրները հավաստիացնում են, որ այն տեղի կունենա ավելի ուշ մինչեւ տարեվերջ:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: