Զենքերը փոխվել են, բայց չենք փոխվել մենք, վկան այս զորահանդեսն է. Սերժ Սարգսյան
«Այսօր՝ 21-րդ դարում զենքերը փոխվել են, բայց չեն փոխվել մենք, սեփական ազատությունը պաշտպանելու մեր վճռականությամբ, վկան այս զորահանդեսն է»,- Զորահանդեսի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահը խոսեց հակիրճ, բայց նշեց մեր բանակի գլխավոր առավելությունները.
«Պարոնայք զինվորներ, սպաներ, գեներալներ, սիրելի քույրեր ու եղբայրներ:
Շնորհավորում եմ բոլորիս ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ: Քառորդ դար առաջ այս օրը մենք կատարեցինք մեր ընտրությունը, որը մեր սրտերում ու հավաքական հիշողության մեջ վաղուց էինք կատարել: Մենք ընտրել ենք ազատությունը դեռ Հայկ նահապետի ժամանակ եւ մենք հավատարիմ ենք մեր ընտրությանը:
Այսօր՝ 21-րդ դարում զենքերը փոխվել են, բայց չենք փոխվել մենք, սեփական ազատությունը պաշտպանելու մեր վճռականությամբ, վկան այս զորահանդեսն է:
Այսօրվա աշխարհն ու շրջապատը հեռու են իդեալական լինելուց, կան հանգամանքներ, որտեղ ուժն է ծնում իրավունք: Մենք ունենք այդ ուժը, վկան այս զորահանդեսն է: Մեր քաղաքացիները պետք է ազատ լինեն, որովհետեւ ազատ մարդն ավելի արդյունավետ է գործում: Մենք պետք է կառուցենք արդյունավետ երկիր, որը կպաշտպանի ազատ քաղաքացուն ու հասարակությանը: Անազատ մարդիկ կարող են ստեղծել շատ բան, բայց ոչ երջանկություն:
Մենք մեր ձեռքբերումները պետք է բազմապատկենք մեր աշխատանքով եւ պաշտպանենք մեր ուժերով: Կեցցեն սահմաններն աչալուրջ հսկող զինվորները, նրանք մեր ազատության թիվ մեկ երաշխավորներն են, փառք արցախյան ազատամարտը կերտած մեր հերոսներին, ապրիլյան պատերազմում հաղթած կորյուններին:
Միշտ վառ ենք պահելու Արցախի եւ Հայաստանից ճառագող այն լույսը, որ ապրիլյան օրերին մեզ դարձրել էր միասնական: Մենք մեր խոստումը պահելու ենք, վկան այս զորահանդեսն է:
Կեցցե ՀՀ քաղաքացին, հողի մշակն ու շինարարը, բժիշկն ու ուսուցիչը:
Կեցցե Հայաստան-Արցախ-Սփյուռքի միասնությունը, միասնության մեջ մենք ավելին ենք, քան կարելի է պատկերացնել:
Կեցցե հայ ավանդական ընտանիքը, որ շարունակում է մնալ հերոսներ կերտող եւ ուսումնատենչ սերունդ մեծացնող աղբյուր:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս եւ ողջ հայությանը պետականության կերտման 25-ամյա հոբելյանի առթիվ:
Փառք Հայաստանի Հանրապետությանը, Փառք ՀՀ զինված ուժերին»: