«Ասում են՝ ղարաբաղցիները հայեր չեն, այսպես ապուշ երեւույթներ». Առավոտ
«Վտանգավոր միտում կա` փորձ է կատարվում հայ-ռուաական ռազմավարական հարաբերությունները խարխլել:
Գիտեք, մենք պետք է ազնիվ լինենք եւ ամեն ինչ դիտարկենք օբյեկտիվորեն: Իհարկե, դա չի նշանակում, որ եթե մենք դաշնակից ենք ՌԴ-ի հետ, ուրեմն պետք է դառնանք գաղութ: Այդպիսի բան չկա: Բայց մի հատ մտածեն, թող նայեն, էլի, քարտեզը: Ով է մեր հարեւանը»,- ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը թերթի հետ զրույցում, խոսելով հողերի հնարավոր հանձնման շուրջ բարձրացված աղմուկից եւ պետերբուրգյան հանդիպումից հետո առաջացած այն կասկածներից, որ «Լավրովյան փաստաթուղթն» է բանակցվում, այսպիսի մտահոգություն հայտնեց:
Նրա խոսքով «Այդ մարդիկ, որոնք բղավում են, ամեն օր հակառուսաական լոզունգներ են ասում, գնալու են վաղը Թուրքիայի եւ Հայաստանի սահմանը պահե՞ն մի պետության հետ, որը ցեղասպան է եւ ամեն օր կարող է օպերացիա կազմակերպել: Անում են դա
` իմանալով, որ սխալ է հայության համար: Անում են, որովհետեւ այլասերված ու փչացած են ներսից: Փողի համար են անում, անկապ ինչ-որ գաղափարներով առաջնորդվելով»:
Ըստ Բաբայանի մենք պարտավոր ենք ունենալ լավ հարաբերություններ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի հետ
` հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքն ու սփյուռքի առկայությունը. «Վերջապես մենք սփյուռքահայ ժողովուրդ ենք: Ավելի շատ մարդ ապրում է հայրենիքից դուրս, քան ներսում: Դրա համար պարտավոր ենք լավ հարաբերություններ ունենալ այն պետությունների հետ, որտեղ ունենք մեծ հայկական սփյուռք՝ մտածելով մեր հայրենակիցների մասին: Հիմա ինչի՞ պետք է վատ հարաբերություններ ունենանք ՌԴ-ի հետ կամ ԱՄՆ-ի, որտեղ 2 մլն-ից ավելի հայ է ապրում, ինչի՞ համար, բացատրեք ինձ»:
Մեր դիտարկմանը, որ ոչ թե վատ հարաբերություններ են ուզում, այլ կախվածությունը թուլացնել, այլընտրանքներ ստեղծել, Դավիթ Բաբայանն արձագանքեց. «երկրագնդի վրա չկա լիակատար անկախ պետություն: Անկախությունը ապահովում են հավասարակշովածությամբ, տարբեր պետությունների հետ հարաբերություններ կառուցելով՝ մենք կարողանում ենք կախվածությունը կամ թուլացնել, կամ մեծացնել այս կամ այն պետությունից: Հիմա սա է խնդիրը: Պետք է մտածել հայրենիքի մասին: Հատկապես այլ երկրներում գտնվող որոշ մարդկանց բղավելը չի նշանակում, որ իրենք ավելի հայրենասեր են: Ի՞նչ է, մեր հերոսները, որոնք կանգնած են ամեն օր սահմանին, իրենք բղավո՞ւմ են ամեն օր: Ո՞վ է ավելի շատ անում, քան այն 18-20 տարեկան երեխաները, որոնք կանգնած են: Ո՞վ է անում ավելի շատ` հանրահավաքների ժամանակ աննորմալ իրենց գաղափարներով եւ այլն… ասում են՝ ղարաբաղցիները հայեր չեն, այսպես ապուշ երեւույթներ»:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: