28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հերմինե Նաղդալյանը Չինաստանում ներկայացրել է ՀՀ անկախության քսանհինգամյա պատմության ձեռքբերումները

Սեպտեմբերի 20-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սինցզյան-Ույգուր ինքնավար մարզի տնտեսական կենտրոն Ուրումչի քաղաքում բացվել է «Մետաքսի ճանապարհի գլոբալ ներդրումը, հնարավորություններն ու առավելությունները» խորագրով Չինաստան-Եվրասիա համաշխարհային 5-րդ էքսպո-ցուցահանդեսը, որին մասնակցում է հայկական պատվիրակությունը` ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ:
Հինգ տարվա ընթացքում էքսպո-ցուցահանդեսը շոշափելի արդյունքներ է արձանագրել Չինաստանի դիվանագիտության, տնտեսության եւ առեւտրի բնագավառներում` ընդլայնելով մասնակցության սահմանները:
Միջազգային այս հեղինակավոր իրադարձությունը յուրաքանչյուր տարի իրենց մասնակցությամբ պատվում են ավելի քան 800 չինացի եւ օտարերկրացի քաղաքական ու տնտեսական առաջնորդներ, նախարարներ, խորհրդարանականներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Այս տարի միջոցառմանը մասնակցում են պատվիրակություններ 42 երկրից, ներկայացված են 2000-ից ավելի ձեռնարկություններ` ազգային տաղավարներով ու արտադրության ցուցադրությամբ: Չինաստան-Եվրասիա էքսպո-ցուցահանդեսը հանդիսանում է Մետաքսի ճանապարհի երկրների տնտեսական գոտու ռազմավարության գլխավոր հարթակ:
Չինաստան-Եվրասիա էքսպոյի կազմկոմիտեն կարեւորում է Հայաստանի հետ համագործակցությունը եւ այդ նպատակով հարթակ տրամադրում Մետաքսի գոտու երկրների եւ Հայաստանի միջեւ համագործակցության ընդլայնման համար: Ցուցահանդեսի շրջանակում անցկացվող Չինաստան-Եվրասիա տնտեսական զարգացման եւ համագործակցության համաժողովում բազմահազարանոց մասնակիցներից միայն 5 երկրի ներկայացուցչի է հնարավորություն տրվել որպես հատուկ հյուր բացման խոսքով հանդես գալու, այդ թվում` վարչապետեր եւ խորհրդարանների խոսնակներ: Հայաստանից այդ պատիվը վերապահվել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին, ով միջազգային բարձր ամբիոնից ներկայացրել է Հայաստանի անկախության քսանհինգամյա պատմության ձեռքբերումները, մեր երկրի քաղաքական կշիռն ու տնտեսական, աշխարհագրական, տրանսպորտային եւ այլ հնարավորությունները, ինչպես նաեւ ընդգծել է հայ-չինական դարավոր բարեկամությունը:
Մետաքսի մեծ ճանապարհը դիտարկելով որպես Արեւելքի եւ Արեւմուտքի հաղորդակցման խորհրդանիշ` տիկին Նաղդալյանն իր ելույթում փաստել է, որ Հայաստանը հազարամյակների ընթացքում կապող օղակ է եղել աշխարհի այս երկու մասերի միջեւ:
«Հայաստանը եւ Չինաստանը կապված են բարեկամության բազմադարյա հարաբերություններով: Անկախության շրջանում Հայաստանը, որն այսօր նշում է Անկախության եւ միջազգային դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, այդ ընթացքում անցկացված բարեփոխումների եւ զարգացման ճիշտ ընտրված ռազմավարության շնորհիվ արժանի տեղ է զբաղեցրել ժամանակակից միջազգային համագործակցության համակարգում»,- նշել է Հերմինե Նաղդալյանը:
«Հայաստանն ու Չինաստանը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում հասել են նկատելի հաջողությունների: Արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, գիտության եւ տեխնիկայի, մշակույթի եւ կրթության ոլորտներում իրականացված համատեղ ծրագրերն ապացուցում են երկկողմ հետաքրքրությունների առկայությունը»,- ընդգծել է տիկին Նաղդալյանը` այս համատեքստում կարեւորելով Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, որը համապատասխանում է մեր երկրի ռազմավարական եւ տնտեսական զարգացման շահերին` բարձրացնելով Հայաստանի նշանակությունը նաեւ իր բոլոր տնտեսական գործընկերների շրջանում:
«Հայ-չինական տնտեսական հարաբերությունների տեսանկյունից նոր եւ ավելի լայն հնարավորությունների մեծ խթան հանդիսացավ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Չինաստան եւ համագործակցության մի շարք կարեւորագույն պայմանագրերի կնքումը»,- հիշեցրել է տիկին Նաղդալյանը` եզրափակելով, որ համագործակցության այս ոլորտներում Հայաստանը վստահորեն առաջ է նայում եւ պատրաստ է բոլոր միջոցներով զարգացնել փոխշահավետ համագործակցությունը:
Հայկական պատվիրակության անդամներն ակտիվ մասնակցել են Չինաստան-Եվրասիա էքսպո-ցուցահանդեսի աշխատանքներին, շրջել տաղավարներով եւ քննարկել հայկական կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորությունները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ