Դրվագներ հայ կերպարվեստի ժառանգությունից. ցուցադրություն՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին
Հայաստանում եվրոպական ժառանգության օրերի շրջանակում՝ ս. թ. սեպտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին, Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու, հասցե՝ Իսահակյան 38) կբացվի «Դրվագներ հայ կերպարվեստի ժառանգությունից» խորագրով ցուցահանդեսը: Ցուցադրությունը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին և կգործի մինչև ս. թ. նոյեմբերի 24-ը:
Առաջին անգամ հանրությանը կներկայացվեն 20-րդ դարի հայ կերպարվեստի նշանավոր վարպետների՝ Մարտիրոս Սարյանի, Եղիշե Թադևոսյանի, Հակոբ Գյուրջյանի, Գևորգ Բաշինջաղյանի, Սեդրակ Առաքելյանի, Միքայել Ավետովի, Մինաս Ավետիսյանի, Ռուդոլֆ Խաչատրյանի և այլոց վրձիններին պատկանող գործեր, որոնք ընդգրկված են թանգարանի պահոցներում և մշտական ցուցադրություններում: Ցուցադրության ընտրանին ներառում է նորագույն հայ կերպարվեստի երեք հիմնական փուլերը՝ նախախորհրդային (ազգային առաջին մոդեռնիզմ), ստալինյան (1930-40-ական թթ.) և ազգային մոդեռնիզմ (1960-ական թթ.):
Ցուցահանդեսի նպատակն է հանրությանը ներկայացնել հայ նշանավոր վարպետների ստեղծագործությունները՝ ամբողջացնելով շուրջ կեսդարյա կերպարվեստի պատմությունը: