ԲՀԿ-ն երրորդ տեղում կլինի. քաղաքագետ

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի համոզմամբ, Երեւանի ավագանու ընտրությունները քաղաքական ընտրություններ չեն: “Սակայն այս ընտրությունը քաղաքականցվեց եւ փորձ է արվում քաղաքապետի ընտրությունների միջոցով երկրում հասնել իշխանափոխության”,-այսօր “Հենարան” ակումբում ասաց քաղաքագետը:
Քարոզարշավը քաղաքագետը համեմատեց “Կուրսկի” ճակատամարտի հետ` “ընդդիմությունը կփորձի հասնել քաղաքային իշխանությունների փոփոխության, իշխանությունն էլ բնական է չի զիջելու”: “Եթե նույնիսկ իշխանությունները հաղթեն, ապա դա կլինի դժվար հաղթանակ, քանի որ ընդդիմությունը այս անգամ լավ կազմակերպված է”,-ասաց քաղաքագետը:
Քաղաքագետ Էդգար Վարդանյանի խոսքով էլ, Երեւանի ավագանու ընտրություններին մասնակից ուժերը նախընտրական քարոզարշավը տարան այնպես, որ տպավորություն է ստեղծվում, որ ընտրությունները մենեջերի ընտրություններ են, կենցաղային հարցերով զբաղվող գործչի ընտրություններ են:
“Ընդդիմությունը, ի տարբերություն իշխանության, այս ընտրությունները չափից դուրս քաղաքականացնում է եւ դիտարկում, որպես իշխանափոխության հասնելու միջոց”,-ասաց Վարդանյանը:
Շիրինյանը հետեւել է ԲՀԿ-ի երեկվա հանրահավաքին, Ծառուկյանի ելույթին եւ եզրակացնում է, որ ԲՀԿ-ն երրորդ տեղում կլինի: