Մենք երբեք ավտոբուսներով հրապարակ մարդ չենք բերել. Ռուբեն Հակոբյան

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր լրագրողներին ասաց, որ իրենք պատրաստ են ավագանու ընտրություններից հետո միասնական աշխատել ընդդիմադիրների հետ: Նա նշեց, որ Երևանի ավագանու ընտրություններում ընդիմությունը, եթե միասնական գործի, կարող է կասեցել իշխանության քաղաքական մենաշնորհը:
Հակոբյանի խոսքով՝ ընդդիմադիրների էգոիզմն էր պատճառը, որ միավորումը չստացվեց նաև այս ընտրություններում:
՛՛Դա ավելի ցցուն երևաց, երբ իր թշնամանքը չթաքցրեց Լևոն Տեր-Պետրոսյանն ու մահախոսական կարդաց Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին: Դա բացառիկ էգոիզմ էր, որը եթե չլիներ, միավորում կլիներ: Սակայն մենք քինախնդիր չենք, որը քաղաքական կատեգորիա չէ՛՛,-ասաց պատգամավորը:
Հակոբյանն ասաց, որ այս ընտրություններում ոչ իշխանական ուժերը ևս պետք է աշխատեն կեղծիքներ չանել: Նա չմասնավորեցրեց, թե ում նկատի ունի, սակայն հիշեցրեց, որ խորհրդարանական ընտրություններին գործում էր միասնական շտաբը, որը նա անփառունակ անվանեց:
՛՛Ես նկատի ունեմ, որ իշխանությունը կեղծիքներ անում է և գիտենք, որ դա անում է, այս դեպքում եթե ոչ իշխանական ուժերը պայքարում են ոչ արդար միջոցներով, ինչ տարբերություն, թե գործողն է անում, թե գալու են ու անելու են՛՛:
Henaran.am-ի հարցին, թե ինչով է պայմանավորում, որ ԲՀԿ-ի հանրահավաքին ժամանակ Ազատության հրապարակը մի քանի անգամ մարդաշատ էր, քան Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին հանրահավաքին, պատասխանեց.
՛՛Գնահատականի հարց է, ես կողմ չեմ այդ գնահատականին, բայց ամեն դեպքում նշեմ, որ եթե լեզու ունենար հրապարակը, խոսեր, ասեր ով ինչպես է պատրաստվում, կասեր, որ մենք երբեք խնդիր չենք դրել ավտոբուսներով մարդ բերել ու հրապարակը լցնել:
Որևէ մեկը չի ասի, որ ՛՛Ժառանգությունը՛՛ մեքենա է տվել, որ գամ հասնեն հրապարակ: Մենք ավելի շատ ենք ունեցել կամ ավելի քիչ, սակայն դա չափանիշ չենք դիտում, որ մենք բոլորից ուժեղ ենք կամ թույլ, մեզ համար կարևոր է՝ ինչ սնունդ է տալիս հրապարակը: Ես քանակը չեմ դարձնում չափանիշ՛՛:
Պատգամավորը հավելեց, որ նախագահական ընտրությունների ժամանակ էլ ընդդիմությանը հաջողության չհասավ, քանի որ ձեռքերը ծալած նստած էին: