“Բարի քեռու զիլ տրադիցիան” /վիդեո/
Ազատության հրապարակում տեղի ունեցած ”Բարգավաճ Հայաստան” կուսակցության հանրահավաքն էապես առանձնացավ մյուս ուժերի մասսայական հավաքներից : Խոսքը ԲՀԿ առաջնորդի հրապարակային ժպիտի հետեւում թաքնված մեկ այլ “զիլ տրադիցիայի” մասին է:
Ազատության հրապարակում առաջին անգամ ամեն կերպ խոչընդոտվեց լրագրողների աշխատանքը: Նախ, լրագրողներին, այդ թվում Henaran.am-ի թղթակցին, չէին թողնում մոտենալ լրատվամիջոցների համար նախատեսված հատվածին: Այստեղ հսկող տղաները մեր թղթակցին ասել են, որ նկարահանելու համար նախատեսված հատվածում գտնվելու համար պետք է ավելի վաղ գար:
Հետո, երբ լրագրողը պահանջել է տեսախցիկի առջև պարզաբանել` ինչու է խոչընդոտվում լրագրողի աշխատանքն ու տեղաշարժը, հրաժարվել են խոսել: Այսպես մոտ 30 րոպե լրագրողները չեն կարողացել աշխատել:
Անհարգալից վերաբերմունքը շարունակվել է նաև բեմից այն կողմ, երբ սկսվել է երթը: ԲՀԿ առաջնորդի թիկնապահները շարունակ հրել են լրագրողներին, պահանջելով ճանապարհն ազատել, իսկ երբ տեսախցիկները միացել են, թիկնազորը մի կողմ էր քաշվում:
Հ.Գ. Հասկանալի է` ինչու են ԲՀԿ “փիարշչիկները” զգուշացել. լրագրողներին հեռու պահեցին առաջնորդից: Փորձ ունեն, մեկ էլ տեսար Ծառուկյանին այնքան մոտենային, նորից մի ատրճանակ, մի բան նկարեին: Հետո ողջ կուսակցությունով հերքելու էին, թե ատրճանակ չէր, բջջային էր, Օսկանյանն էլի “համը հաներ”: Ծառուկյանին “բարի քեռու” պատմուճանը չի գալիս, հո զոռով չի: