«Սասնա Ծռերին» նվիրված հանրահավաքը կայացավ

Երեւանի Ազատության հրապարակում կայացավ հավաք՝ ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի:
Հավաքի կազմակերպիչները հայտարարեցին, որ այսպիսի հավաքներ անցկացվում են այսօր աշխարհի 14 քաղաքներում:
«Աշխարհի 14 քաղաքներում այսօր ցույց են անցկացնում՝ ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի: Սա նաեւ համերաշխության ցույց է: Մեր հայրենակիցները այս կերպ ցույց են տալիս, որ չեն մոռացել իրենց հայրենիքը եւ մեր կողքին են: Եթե նորմալ երկիր լինի, ապա մի ստվար զանգված կմտածի Հայաստան վերադառնալու մասին: Մենք պետք է մեծացնենք մեր բնակչությունը նաեւ ներգաղթի շնորհիվ»,- նշեց «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանը:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ իր ելույթում անդրադարձավ նախօրեին Էջմիածնում տեղի ունեցած միջադեպին՝ նշելով, որ կատարվածն ինքնին ապացուցում է, թե ինչ իրավիճակ է տիրում ամբողջ Հանրապետությունում:
Հավաքը սակավամարդ էր և ընդամենը երեք ելույթով սահմանափակվեց:
Նշենք, որ ուղիղ երկու ամիս առաջ «Սասնա ծռեր» խումբը գրավեց ոստիկանության պարեկապահակային գունդը: