Հրաչիկ Աբգարյանը մտնում է ընտրատեղամասեր և ահաբեկում. Էջմիածնում թեժ իրավիճակ է
«Կարեն Գրիգորյանի գտնված մեքենայի վրա կրակոցները հնչել են հատուկ ընտրված տեղում: Ամեն բան նախապես լավ մտածված է եղել, որ տեսախցիկները չֆիքսեն իրականությունը: Մի քանի մետր այն կողմ տեսախցիկները կֆիքսեին կատարվածը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Վարդան Վարդանյանը:
Նշենք, որ ըստ Արթուր Թումանյանի եւ նրա համակիրների, Կարեն Գրիգորյանն ու իր համախոհները առեւանգել էին իրենց աջակցող ավագանու անդամ Կիրակոս Բաժակյանին: Վերջինիս որոնելու ընթացքում էլ Թումանյանի եւ Աբգարյանի մեքենային հարվածել են Երեւան-Էջմիածին ավտոճանապարհին: Արթուր Թումանյանը հերքել է իրենց կողմից կրակելու տեղեկությունը:
Վարդանյանը հերքեց ինֆորմացին, թե Ստեփան Աբգարյանը և քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը փնտրում էին «առևանգված» Բաժակյանին:
«Ստեփան Աբգարյանի տարածած տեղեկությունը, իբր իրենց շտաբից ինչ-որ մեկի առևանգում է եղել՝ իրականությանը չի համապատասխանում»,-ընդգծեց Վարդանյանը:
Շարունակելով խոսքը Վարդան Վարդանյանը հայտարարեց, որ նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը այսօր վաղ առավոտից այցելում է տեղամասեր և փորձում է ահաբեկել հանձնաժողովի անդամներին, թույլ չտալով աշխատանքներ իրականացնել:
«Հայտարարում է, որ ընտրություններ չեն լինելու: Այսօր՝ լռության օր է և նախընտրական քարոզչություն չի կարելի անել, սակայն ամբողջ քաղաքով թռուցիկներ են բաժանում, որոնցում ակնհայտ նախընտրական քարոզչություն է»,-ասաց Վարդանյանը:
Անդրադառնալով Արթուր Թումանյանի հայտարարությանը, թե զենքը ընկել է Կարեն Գրիգորյանի մոտից և ինքը ինքնապաշտպանության նպատակով այն վերցրել փախել է Վարդանյանը ասաց.« Եթե նայեց նրանց բոլոր հայտարարությունները իրենք իրենց հակասում են: Ստեփան և Հրաչիկ Աբգարյանները հաստատել են, որ զենքը իրենց մոտ է եղել: Կարեն Գրիգորյանը ունի անվանական զենք, սակայն այդ զենքը երբեք չի կրում: Կարեն Գրիգորյանը զենք կրել է միայն պատերազմի ժամանակ, երբ առաջնագծում էր»,-եզրափակեց Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի ղեկավարը: