Ցավոք սրտի. Քոքոբելյանը կանխատեսում է ընդդիմության ձախողումը /վիդեո/
”Ազատ դեմոկրատներ” կուսակցության նախագահ, մինչեւ վերջերս ”Ժառանգություն” խմբակցությունը ներկայացնող Խաչատուր Քոքոբելյանը վստահ է, որ երբևէ արհեստական միավորումները պետք չեն և, ինչպես փորձն է ցույց տալիս, դա չաշխատող տարբերակ է:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերի դեպքում միավորվելու ցանկությունը նա արհեստական է համարում: Այս մասին պատգամավորը նշեց Henaran.am-ի հետ զրույցում: Ասաց` միավորվելը լավ բան է, սակայն դրա համար պետք է ունենալ կոնկրետ խնդիր, համախմբումը պետք է լինի շատ առարկայական և ոչ թե բխի քիչ կամ շատ ձայներից:
”Ցավոք սրտի, Աստված տա, կարողանան միավորվել, սակայն ես չեմ տեսնում այն նախադրյալները, որոնք կարող են տանել ցանկալի արդյունքի”,-ընդգծեց Քոքոբելյանը:
Ինչ վերաբերում է քարոզարշավին, ապա նա նկատեց, որ բոլորն էլ հայտարարում են, որ Երևանում կան խնդիրներ, սակայն չեն առաջարկում կոնկրետ մեխանիզմներ դրանք լուծելու համար, ինչը ցանկալի կլիներ տեսնել:
Քոքոբելյանի համար ցավալի է, որ սեփական կուսակցությունը չի մասնակցում այս ընտրություններին, պատճառը ստեղծված քաղաքական իրավիճակն է: ”Ազատ դեմոկրատների” նախագահը նշեց, որ ավագանու ընտրություններով ավարտվում է ներկայիս քաղաքական փուլը.
”Սրանով կավարտվի իմիտացիոն քաղաքականության շրջանը, որ մինչ այսօր տեղի էր ունենում”,-ասաց պատգամավորը` հույս հայտնելով, որ ազատ ու արդար ընտրություններ կլինեն, հետո արդեն քաղաքական դաշտը կառողջանա: