Չեմ կարծում՝ քաղաքական դաշտում որևէ մեկից պետք է թույլտվություն հարցնի. ՀՀԿ-ը՝ Ծառուկյանի հնարավոր վերադարձից (վիդեո)
«Հիմա ես չգիտեմ` Միքայել Մելքումյանի մոտ ինչ-որ բան փոխվել է, թե ոչ, մեզ մոտ չի փոխվել: Գագիկ Ծառուկյանի հետ շփումներից ես չեմ նկատել, որ բան է փոխվել, նա խոսքի մարդ է, և ես հավատում եմ նրա խոսքին, մնացածը թողնենք ապագային»,-այսօր խորհրդարանում ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի հայտարարությունը, թե ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունից ժամանակավորապես է հեռացել: Հարցը, թե եթե Ծառուկյանը ցանկանար վերադառնալ, ՀՀԿ-ը թույլ կտար, պատգամավորը պրովոկացիոն որակեց.
«Գագիկ Ծառուկյանն այն ինքնուրույն անձնավորությունն է, կայացած անձնավորությունն է, որ, չեմ կարծում, քաղաքական դաշտում որևէ մեկից պետք է թույլտվություն հարցնի: Իսկ եթե թույլտվությունով պետք է քաղաքական դաշտ գա, ավելի լավ է չգա»: Դիտարկմանը թե նրան հեռացնողը ՀՀԿ-ն էր, նա արձագանքեց. «Եթե դուք այդպես եք գնահատում, հորդորում եմ բոլոր քաղաքական ուժերին չհեռանալ»: Հարցին, որ ՀՀԿ-ն այդուհանդերձ Գագիկ Ծառուկյանին քաղաքականության մեջ չարի՞ք է համարում, թե՞ ոչ, պատասխանեց, թե նման գնահատականներ պետք չէ հնչեցնել: «Եթե մի մարդ քաղաքականությամբ չի զբաղվում, չեմ ուզում քաղաքական գնահատականներ տալ: Իսկ որպես բարերարի և գործարարի՝ ես և ՀՀԿ-ն իր գնահատականները տվել ենք»,-եզրափակեց նա: