Ասել ենք՝ հապաղելու ժամանակ չկա. ՀՀԿ
«Շտապում են մեր ընդդիմադիր գործընկերները, բնականաբար, այլ կարծիք չէի էլ սպասում. մոտ են ընտրությունները և՛ ՏԻՄ, և՛ ԱԺ: Ինչևիցե մենք պատրաստ ենք բոլոր քննադատությունները կիսելու, դրանով հանդերձ լծվելու գործին, որովհետև փոփոխություններն ինքնանպատակ չեն լինում, անձերի փոփոխություն չի, ծրագրային փոփոխություն է՝ հիմնված սահմանադրական փոփոխությունների վրա: Ասել ենք, որ հապաղելու ժամանակ չկա, և ընդունված բարեփոխումները պարտավոր ենք կյանքի կոչել նոր ձևով»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ արձագանքելով ընդդիմության՝ նորանշանակ վարչապետի վերաբերյալ քննադատություններին:
Հարցին, թե միայն վարչապետի հաստատումից հետո իշխող ուժը հասկացա՞վ, որ տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, թե ամեն ինչ համեմատության դաշտում է. «Եթե 90-ականների հետ ենք համեմատում, ապա հիմա անհամեմատ ավելի լավ է, որը սակայն բավարար չէ: Եթե պետք է նոր վարչապետը դեղատոմս առաջարկի, մենք էլ կաջակցենք, որ կյանքի կոչի»: Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, թե ՊԵԿ-ը չի կատարել իր գործառույթները, և հարցին, թե որևէ մեկը դրա համար պատասխանատվություն կկրի՞, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, թե ՊԵԿ ղեկավարը նորանշանակ է և կանի հետևություններ:
Խոսելով Ազգային համաձայնության կառավարության մասին՝ Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Ազգային համաձայնության կառավարությունը բխում է սահմանադրական փոփոխություններից, և հաջորդ ԱԺ-ից հետո ով էլ կլինի իշխանություն, նա պետք է գնա այդ քայլին, իսկ համաձայնեցված կառավարությունը միակողմանի ցանկությամբ չի, ինչ-որ տեղ պետք է լինեն նույն մոտեցումները, ծրագրերը: Աններ չտամ, թե որ ուժի հետ կարելի է, որի հետ՝ ոչ: Եթե մենք մեծամասնություն կազմենք, եթե, բայց համոզված եմ, այդ համաձայնեցված կառավարությունը բավական ընդգրկուն կլինի»,-եզրափակեց պատգամավորը: