ՀՅԴ-ը պորտֆելների փոփոխությունը չի բացառում
«Մենք մեր նախարարներին չենք ասում, որ դուք պաշտպանված ենք միայն նրա համար, որ դուք դաշնակցական եք, ոչ, իրենք առաջին հերթին իրենց գործով են պաշտպանված: Մենք այնքանով ենք առընչված այստեղ որպես քաղաքական ուժ, որ ունենք համաձայնություններ, որ հրապարակվել է: Մենք համաձայնեցրել ենք մեր ներքին ու արտաքին քաղաքականության ռազմավարությունը, և դրան պետք է համապատասխանեցվեն բոլոր քայլերը»,-այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա կոչ արեց վարչապետ Կարեն Կարապետյանին ու բոլորին խոսել հայեցակարգային դրույթների շուրջ՝ օբյեկտիվ խնդիրների հետ կապված:
Հարցին՝ հնարավոր է պորտֆելների փոփոխություն լինի, Ռուստամյանը պատասխանեց. «Այդ հարցում մեծ ընտրություն կա, և եթե սկզբից ճշտվեն այն խնդիրները, քայլերը, նպատակները ու դրան համապատասխան պորտֆելների նշանակումը կատարվի, կարծում եմ՝ ամեն ինչ իր տեղը կընկնի: Կա 20 օր ժամանակ, որպեսզի այդ նպատակներին համապաստան կազմ ձևավորվի, որից հետո էլ տրվում է 20 օր, որ այդ մարմինը ներկայացնի ծրագիր:
Թիմը ձևավորելու մեջ վարչապետն ունի իր լիազորություններն ու խնդիրները, իր առաջարկությամբ են նշանակվելու նախարարները, այսինքն՝ ամեն մեկն այստեղ իր անելիքն ունի, օրենքի շրջանակներում ու այդ տրամաբանությամբ եթե գործի, բոլոր խնդիրներն էլ իրենց տրամաբանական լուծումը կստանան»:
Ճշտող հարցին, թե փաստորեն հնարավոր է պորտֆելների փոփոխություն, ՀՅԴ-ական պատգամավորը պատասխանեց, որ քաղաքականության մեջ ամեն ինչ էլ հնարավոր է, ոչինչ բացառել չի կարելի: Իսկ ունեն արդյոք կադրեր, նա կատակեց. «Մենք ամբողջ կաբինետի համար կադրեր ունենք»:
Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի հայտարարությանը, թե ինքը կախարդական փայտիկ չունի, ապա ՀՅԴ խմբակցության ղեկավարը նկատեց՝ նման փայտիկ գոյություն չունի: Նա ազնիվ համարեց վարչապետի հայտարարությունը, թե տնտեսության վիճակը չափազանծ ծանր է: Ըստ նրա՝ եթե վարչապետը ասեր, որ ամեն ինչ լավ կլինի, դրանք սուտ խոստումներ կլինեին: