28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ես զերծ կմնայի իր փոխարեն այդպիսի բառապաշար օգտագործելուց. ՀՅԴ-ն` վարչապետին

«Մենք իսկապես պաշտպանել ենք վարչապետի նշանակումը և լիահույս ենք, որ այն խնդիրները, որ երկրի առջև ծառացած են, վարչապետը խորապես գիտակցում է և ունի այդ կարողությունն՝ այդ խնդիրները լուծելու: Սակայն նախորդ փորձերը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ այդ ամենը պետք է կատարվի որոշակի քայլերով, և զերծ մնանք շոուների տրամաբանությանը համապատասխանող ինչ-որ տպավորություն ստեղծող քայլերից, որոնք շատ կարճաժամկետ կյանք կարող են ունենալ»,-այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով երեկ Կառավարությունում եղած միջադեպին:

Նկատենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը թերհավատորեն էր վերաբերվել ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանի ներկայացրած նախագծերից մեկին՝ ասելով՝ չեմ հավատում:

«Հավատալն այն տեղը չի, որտեղ վարչապետը պետք է հավատա կամ չհավատա, եթե մի բան կա, որ տեսնում ես, էլ դրա հավատալը ո՞րն է, չկա, ուրեմն առավել ևս հավատալու խնդիր չկա: Կոնկրետ կառավարություն է, որտեղ կոնկրետ գործեր պիտի կատարվեն, և այդ գործերը կամ կան, կամ չկան»,-հավելեց Ռուստամյանը:

Հարցին՝ շոու էր երեկվա միջադեպը, նա արձագանքեց. «Չեմ կարծում: Նոր է վարչապետն իր գործունեությունն սկսում, նա պետք է առավելագույնս ծանոթանա բոլոր ոլորտների կատարված-չկատարվածին ու հավատի միջոցով քննարկումներ կատարելը ճիշտ ճանապարհ չի:

Մենք վստահում ենք ամբողջությամբ մասնավորապես տվյալ պարագայում Արծվիկ Մինասյանին, որ նա գիտի իր համակարգը, իսկ եթե չի հավատում վարչապետը, թող համոզվի»:

Պատգամավորը չի կարծում, որ իրենց նախարարական պրոտֆելների փոփոխություններ կլինեն, բայց նաև նորմալ է համարում, որ եթե իրենց առաջարկված որևէ հայեցակարգ չընդունվի վարչապետի կողմից, բայց պետք է լինի հայեցակարգային քննարկում: «Եթե խոսքը գնում է  նրա մասին, որ մեր նախարարի ներկայացրած հայեցակարգը չի համապատասխանում վարչապետի պատկերացումներին, նա պետք է այլընտրանք առաջարկի, ու այդ դեպքում եթե ստեղծվի մի իրավիճակ, որ վարչապետին ձեռք չի տալիս այդ հայեցակարգը՝ համեմատություններից ելնելով, նա կարող  է իրենը պնդել, որովհետև ինքն է ի վերջո երկրի տնտեսության պատասխանատուն, բայց անհատական հակվածություններով մենք երկար ճանապարհ չենք կարող գնալ, թող լինի բանավեճ, մենք միայն ուրախ կլինենք, որ լինեն բաց քննարկումներ և կառավարությունը դառնա իրական քաղաքական մարմին»:

Հարցին, թե վարչապետի նկատողությունը իր կուսակցին դուր չի եկել, նա պատասխանեց. «Ես զերծ կմնայի իր փոխարեն այդպիսի բառապաշար օգտագործելուց, բայց դա չի ազդում, որ մենք շարունակելու ենք ու պատասխանատվություն ենք կրում կառավարության գործունեության համար:

Ռուստամյանը ընդգծեց՝ իրենք պահանջկոտությունից չեն վախենում, այլ քաջալերում են, իսկ եթե վարչապետը պահանջկոտ է, դա միայն ողջունելի է: Նա նաև հավելեց. «Ազատությունը սանձարձակություն չէ, այն գիտակցված անհրաժեշտություն պիտի լինի, մենք էլ ենք ազատ բայց չենք կարող չէ մեր ազատությունն ուրիշների ազատության հաշվին անել»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ