Պարենային մթերքները թանկացել են
2013 թվականի առաջին չորս ամիսներին սպառողական շուկայում գնաճ է նկատվել: Մասնավորապես, այս տարվա հունվար ամսին 2.9 տոկոս գնաճ է նկատվել, փետրվարին գնանկում է տեղի ունեցել 0.4 տոկոսով, մարտին նույնքան գնաճ է արձանագրվել` 0.4% և ապրիլին 0.1 տոկոսի գնանկում է նկատվել: Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների գնաճը կազմում է 2.8 տոկոս:
Այս մասին “Հենարան” մամուլի ակումբում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով` պարենային ապրանքներից գնանկում է նկատվել շաքարավազի` 0.3 % և բանջարեղենի պարագայում` 9.6 տոկոս: Մնացած ապրանքատեսակների գներն աճել են, հատկապես գնաճ է նկատվել մրգեղենի պարագայում` 4.4%: Ավելացել են նաև սուրճի, թեյի, կակաոյի, կենդանական և բուսական յուղերի, պանիրի, ձկան, ձվի գները:
Նախորդ տարվա մարտի համեմատ` այս տարի ապրիլին դիտարկված ապրանքներից 62 տոկոսի դեպքում գնաճ է նկատվել, ապրանքատեսակներից 25%-ի դեպքում գնանկում է նկատվել, մնացած ապրանքատեսակների գները չեն փոփոխվել:
Թեև բանջարեղենի պարագայում գնանկում է նկատվում, սակայն պարոն Մարտիրոսյանը նշում է, որ խոսքը ոչ բոլոր բանջարեղենատեսակներին է վերաբերում: Մասնավորապես, կտրուկ գնանկում է նկատվում կարտոֆիլի և կաղամբի պարագայում, իսկ օրինակ գազարի գինը կտրուկ աճել է: Աճել են մրգերի գները 4.4 տոկոսով: Նախորդ տարվա համեմատ կենդանական և բուսական յուղերն են ավելացել 11.6 տոկոսով:
Հայաստանի հինգ բնակավայրերում ուսումնասիրվել է գնային շուկան, 0.3-1% գնաճ է նկատվել: Գնանկում նկատվել է միայն Թալինում:
Ուսումնասիրվել է նաև ԱՊՀ և Եվրամիության երկրների ընթացիկ տարվա առաջին երեք ամիսների գնային քաղաքականությունը: ԱՊՀ երկրներից ամենաբարձր գնաճ նկատվել է Բելառուսում` 5.4%: Ադրբեջանում 2.3 տոկոս է կազմել գնաճը, Հայաստանում` 2.8 տոկոս: Եվրամիության երկրներից միևնույն ժամանակահատվածում ամենաբարձր գնաճը նկատվել է Նիդեռլանդներում`3.2 տոկոս:
Ըստ Գուրգեն Մարտիրոսյանի` Հայաստանում ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին միջին անվանական աշխատավարձը կազմել է 141,618 հազար դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ 3.8 տոկոսով ավելի է: