ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը կոչ է արել Ադրբեջանին վերացնել անպատժելիությունը

Երեկ Ժնեւում տեղի է ունեցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդի Համընդհանուր պարբերական դիտարկման աշաատանքային խմբի 16-րդ նստաշրջանը, որի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի երկրորդ պարբերական դիտարկման զեկույցը։
Զեկույցի բացման կապակցությամբ ելույթ է ունեցել Արդբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։ Ըստ նրա, Ադրբեջանը ներկայանում է որպես մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների բարձր աստիճանի պաշտպանությամբ աչքի ընկնող եւ ժողովրդավարական արժեքների նվիրված մի երկիր։ Ադրբեջանի զեկույցի ներկայացումը զարմանք է առաջացրել ներկաներից շատերի մոտ. արդյոք խոսքը գնում է Ադրբեջանի թե՞ Շվեդիայի կամ Դանիայի նման մի պետության մասին։
Ադրբեջանցի պաշտոնյայից հետո ելույթով հանդես է եկել նաեւ Հայաստանի ներկայացուցիչը։ Նա նշել է, որ սուտն ու կեղծիքը սովորական երեւույթ են դարձել Ադրբեջանի համար եւ ադրբեջանցի պաշտոնյայի ներկայացրած զեկույցը լի է ապատեղեկատվությամբ եւ ստով։ Հայաստանի ներկայացուցիչը ընդգծեց, որ հայկական կողմը խորապես մտահոգված է Ադրբեջանի առաջին պարբերական դիտարկման զեկույցի ընդունումից հետո երկրում մարդու իրավունքների վիճակի վատթարացմամբ եւ բազմաթիվ հարցեր հղեց Ադրբեջանին եւ դիտարկումներ ներկայացրեց Մարդու իրավունքների խորհրդի ուշադրությանը։
Հայաստանի ներկայացուցիչը մասնավորապես կոչ արեց Ադրբեջանին.
-Լիովին հարգել նրա կողմից ստորագրած Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի 1-ին հոդվածի եւ Քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 1-ին հոդվածի պահանջները եւ վերջ տալ Լեռնային Ղարաբաղի դեմ թշնամանքի եւ ագրեսիայի քաղաքականությունը:
-Միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում անպատժելիությունը վերացնելու, արդարադատության եւ օրենքի գերակայությունն ապահովելու ուղղությամբ, մասնավորապես` քննել դաժան մարդասպան Ռամիլ Սաֆարովի ներման ակտի համապատասխանությունը երկրի ազգային օրենսդրությանը եւ միջազգային պարտավորություններին որպես ակտ, որով քաջալերվում է էթնիկ հիմքի վրա կատարված սպանությունը, հատկապես երկրում եւ երկրի սահմաններից դուրս հայերի սպանությունը
-Ապահովել խոսքի ազատությունը, ներառյալ կառավարության պաշտոնական դիրքորոշումից տարբերվող կարծիք հայտնելու եւ ճշմարտությունն իմանալու իրավունքը իրականացնելու համար պայմաններ ստեղծելով
-Դադարեցնել Հայաստանի եւ հայերի դեմ ատելության հրահրումը` քաղաքական եւ հանրային մակարդակով, ինչպես նաեւ զանգվածային լրատվամիջոցներում
Հայաստանի ներկայացուցիչը հույս է հայտնել , որ Համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացը կօգնի Ադրբեջանում մարդու իրավունքների բարելավմանը, ինչը ադրբեջանցի ժողովրդին ի վերջո հնարավորություն կտա ապրել արժանապատվորեն եւ տարածաշրջանի բոլոր պետությունների հետ խաղաղության մեջ: